Կայանում է ուժեղ Ուկրաինա, որ Եվրոպայի թերեւս ամենամարտունակ երկիրն է •

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին մեկ շաբաթվա ընթացքում այցելել է Պարսից ծոցի արաբական երկրներ, Թուրքիա և Սիրիա: Արևմտյան աղբյուրների տեղեկություններով՝ Ուկրաինան «արդեն իսկ Լիբիայի հետ այդ երկրում ռազմահենակայաններ ստեղծելու համաձայնագիր է կնքել»:

Կիևը ծրագրում է «Մերձավոր Արևելքի երկրներից մեկում տիեզերական կառուցել»: Այս լուրերը, հնարավոր է, որոշակիորեն քարոզչական են, ինչ-որ տեղ՝ «չափազանցված»:

Բայց իրականություն է, որ Ուկրաինան եվրոպական մի քանի երկրներում հարվածային և հետախուզական դրոնների և հրթիռների արտադրություն է սկսել: Ուկրաինական ԱԹՍ-երը անցյալ շաբաթվա ընթացքում «խիստ անհանգստություն են պատճառել» Լենինգրադի մարզի և Կրասնոդարի երկրամասի նավահանգիստներին, Սև ծովում խոցվել է ռուսաստանյան հերթական ռազմանավը: Ըստ արևմտյան մամուլի, Ուկրաինան «ամենամոտ ապագայում կսկսի ամերիկյան փոքր հռահարության հրթիռների «նմանակի» սերիական արտադրությունը»:

Ուկրաինայի դեմ պատերազմի նպատակը «ՆԱՏՕ-ի ընդլայնումը և Եվրաինտեգրման կանխարգելումն էր»: Փաստացի այսօր Ուկրաինան ՆԱՏՕ-ին ֆորմալ անդամակցության անհրաժեշտություն չունի: Դաշինքի անդամ եվրոպական ազդեցիկ երկրների հետ Կիևը անվտանգության և ռազմաարդյունաբերության բնագավառներում համագործակցության պայմանագրեր արդեն իսկ ունի, ձեռք բերված պայմանավորվածությունները քայլ առ քայլ կատարվում են: Ավելին, Ուկրաինան արդեն «մտնում» է Պարսից ծոց և Մերձավոր Արևելք:

Արևմտյան փորձագետների գնահատմամբ, որ հիմք են ընդունում ՆԱՏՕ-ի անդամ եվրոպական երկրների հետախուզության տվյալները, տարեսկզբից Ռուսաստանը «յուրաքանչյուր ամիս ավելի քիչ զինվորներ է հավաքագրում, քան զոհերի և վիրավորների տեսքով կորցնում է ուկրաինական պատերազմում»: Ըստ այդմ, Ուկրաինայի դեմ «համոզիչ հաղթանակ տանելու համար Ռուսաստանը պետք է զորակոչի ոչ պակաս, քան մեկուկես միլիոն զինծառայող»:

Կրեմլին մոտ աղբյուրները հայտնել են, որ «ընդհանուր զորահավաք հայտարարելու հարցը մի քանի անգամ քննարկվել է, բայց վերջնական որոշում դեռևս չի ընդունվել»: Ըստ որոշ տեղեկությունների, Դաղստանում տեղի ունեցած հեղեղումները Հյուսիսային Կովկասի ինքնավարություններում «դժգոհության ալիք են բարձրացրել»:

Իրավիճակի ապակայունացման ուղղությամբ աշխատում են նաեւ ուկրաինական քարոզչամիջոցները: Նրանք ներշնչում են, որ գործում է «Դաղստանի կամավորականների միություն», որն էլ, իբր, «պայթեցրել է ջրամբարտակները և հեղեղել Մախաչկալա և Դերբենտ քաղաքները»:

Եթե անգամ սա «մերկապարանոց քարոզչություն» է, դրանից քիչ բան է փոխվում: Ուկրաինան Ռուսաստանի դեմ պատերազմում է բոլոր, այդ թվում և՝ ներռուսաստանյան, ճակատներում: Փաստացի հինգերորդ տարին շարունակվող պատերազմը տրիումֆալ հաղթանակ չի բերել:

Դրան հասնելու իրական ոչ մի հեռանկար Ռուսաստանը չունի: Փոխարենը ծնվել և կայանում է ուժեղ Ուկրաինա, որ Եվրոպայի թերեւս ամենամարտունակ երկիրն է:

Leave a Comment