Դոնալդ Թրամփը սպառնում է սակագներով Իրանին զենք մատակարարող երկրներին

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը սպառնացել է խիստ տնտեսական միջոցներով այն երկրներին, որոնք զենք են մատակարարում Իրանին։ Truth Social-ում հրապարակված հայտարարության մեջ նա նշել է, որ նման երկրները կբախվեն մինչև 50% պատժիչ մաքսատուրքերի, որոնք կկիրառվեն ԱՄՆ արտահանվող բոլոր ապրանքների նկատմամբ՝ անմիջապես և առանց բացառությունների։

Թրամփը նաև հայտարարել է, որ Իրանում պետք է ամբողջությամբ դադարեցվի ուրանի հարստացումը՝ շեշտելով․

«Ուրանի հարստացում չի լինելու»։ Նրա խոսքով՝ ԱՄՆ-ն պատրաստ է համագործակցել Թեհրանի հետ միջուկային թափոնների վերացման հարցում՝ ապահովելով դրանց լիակատար հեռացումը և վերահսկողությունը։ Նա հավելել է, որ Իրանի միջուկային օբյեկտները գտնվում են խիստ վերահսկողության տակ, և վերջին իրադարձություններից հետո «ոչինչ չի մնացել չվերահսկված»։

ԱՄՆ նախագահի գնահատմամբ՝ Իրանում տեղի է ունեցել «շատ արդյունավետ ռեժիմի փոփոխություն»։

Միաժամանակ նա խոսել է նաև Վաշինգտոնի և Թեհրանի հնարավոր մերձեցման մասին՝ նշելով, որ կողմերը կարող են համագործակցել և քննարկել սակագների ու պատժամիջոցների մեղմացումը։ Թրամփի խոսքով՝ արդեն իսկ համաձայնություն է ձեռք բերվել «15 կետերից շատերի շուրջ», սակայն դրանց բովանդակությունը չի մանրամասնվել։

Մինչդեռ Իրանի պաշտոնական դիրքորոշումը տարբերվում է։ Իրանի Ազգային անվտանգության գերագույն խորհուրդը հայտարարել է, որ ԱՄՆ-ն, հակառակը, ճանաչում է Իրանի ուրանի հարստացման իրավունքը, ինչպես նաև Թեհրանի վերահսկողությունը Հորմուզի նեղուցի նկատմամբ և պատրաստակամություն է հայտնում վերացնել պատժամիջոցները։

Leave a Comment