Իսրայելի զանգվածային հարվածներից հետո Լիբանանում տասնյակ զոհեր և հարյուրավոր վիրավորներ կան

Իսրայելը չորեքշթի՝ ապրիլի 8-ին, շարունակել է լայնածավալ հարվածները Լիբանանի տարածքում։ Իսրայելական բանակը հայտնել է, որ մոտ 50 կործանիչի մասնակցությամբ շուրջ 10 րոպեում թիրախավորվել են «Հեզբոլլահ»-ին պատկանող ավելի քան 100 հրամանատարական կենտրոններ և ռազմական օբյեկտներ Բեյրութում, ինչպես նաև երկրի արևելյան և հարավային հատվածներում։

Լիբանանի անվտանգության աղբյուրների համաձայն՝ հարվածների ընդհանուր թիվը գերազանցել է 150-ը, որոնց զգալի մասը բաժին է ընկել մայրաքաղաք Բեյրութին։

Իսրայելը պնդում է, որ թիրախավորված ենթակառուցվածքների մեծ մասը գտնվել է բնակելի թաղամասերում, իսկ բանակի խոսնակ Նադավ Շոշանին հայտարարել է, թե «Հեզբոլլահ»-ը ներկայումս գործունեություն է ծավալում նաև այն շրջաններում, որոնք նախկինում նրա հենակետեր չէին համարվում։

Իսրայելի պաշտպանության նախարար Իսրայել Կացը այս գործողությունը բնութագրել է որպես «Հեզբոլլահ»-ի դեմ ամենամասշտաբային հարվածը վերջին ամիսներին։ Հարվածները տեղի են ունեցել այն պայմաններում, երբ Իսրայելը հայտարարել է, որ Իրանի հետ ձեռք բերված հրադադարը չի տարածվում Լիբանանի և «Հեզբոլլահ»-ի վրա։

Լիբանանի առողջապահության նախարարության նախնական տվյալներով՝ զոհվել է առնվազն 89 մարդ, վիրավորվել՝ ավելի քան 700-ը, սակայն ավելի ուշ Reuters-ը և AP-ն հաղորդել են, որ զոհերի թիվը հասել է առնվազն 112-ի, իսկ վիրավորներինը՝ 837-ի։

Իշխանությունները զգուշացնում են, որ թվերը կարող են շարունակել աճել, քանի որ մարդիկ դեռևս մնում են փլատակների տակ։ Լիբանանի Կարմիր խաչը հայտնել է, որ վիրավորներին հիվանդանոցներ տեղափոխելու համար ճանապարհներին աշխատում են ավելի քան 100 շտապօգնության մեքենաներ։

Առողջապահության նախարարությունը բնակչությանը կոչ է արել ազատել ճանապարհները՝ խցանումների պատճառով փրկարարների աշխատանքը չխոչընդոտելու համար։ Լիբանանի վարչապետ Նավաֆ Սալամը հայտարարել է, որ հարվածները հասցվել են խիտ բնակեցված բնակելի թաղամասերին և խլել են նաև անզեն քաղաքացիական անձանց կյանքեր, հատկապես Բեյրութում։

Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ևս հայտարարել էր, որ Իրանի կողմից հրադադարը չի տարածվում Լիբանանի վրա։

Leave a Comment