Համերաշխությունը՝ գլխավոր ուղերձ․ Արեգ Նազարյանի և Սրբուհի Սիմոնյանի հեղինակային երգի երեկոն. «Վերնատուն»

Առաջիկա համերգին ընդառաջ երգիչ-երգահաններ Արեգ Նազարյանն ու Սրբուհի Սիմոնյանը խոսում են հեղինակային երգի ժանրի արդիականության, դրա առաքելության և լսարանի հետ կապի մասին։ Արեգ Նազարյանը նշում է․ հեղինակային երգն ունի ունկնդիրների սահմանափակ շրջանակ, ժանրի մասին պատկերացումները սահմանափակվում են «մարդ և կիթառ» ձևաչափում։

Հեղինակային երգը նախևառաջ մտորում է․«Երբ ինչ-որ բան եմ մտածում կամ ինչ-որ բան է խմորվում իմ մեջ ու դրանով կիսվում եմ հանդիսատեսի հետ»։ Սրբուհի Սիմոնյանը նկատում է, որ այսօր լսարանն ավելի շատ ուրախ ու ոգեշնչող երգերի կարիք ունի։ Խրատական կամ իմաստուն շեշտադրումներով ստեղծագործությունները երբեմն դժվարությամբ են գտնում իրենց ճանապարհը դեպի մեծ լսարան։ Ըստ երգահանի՝ «Ապրեցնող, ոգեշնչող, ուրախ երգերի պակաս կա, որ խնջույքներին միասին երգեն։ Չկա մի երգ, որ մեծից փոքր բոլորը գիտեն ու կարող են միասին երգել»։

Արեգ Նազարյանը շեշտում է ստեղծագործության հետ նույնականանալու կարևորությունը։ Նշում է, որ սիրելի է այն երգը, որտեղ մարդը գտնում է իր սեփական հույզն ու ապրումը։ Սպասվող համերգը խոստանում է լինել ինտերակտիվ. արվեստագետները նպատակ ունեն հենց բեմից, հանդիսատեսի անմիջական մասնակցությամբ, նոր երգ ստեղծել, իսկ երեկոյի առանցքային ուղերձը համերաշխությունն է և այն համոզմունքը, որ «հանուն» անհամեմատ ավելի զորեղ է, քան «ընդդեմ»-ը։

Leave a Comment