Պենտագոնի ղեկավար Փիթ Հեգսեթը ճեպազրույցում հանդես է եկել ծավալուն հայտարարությամբ՝ ամփոփելով Իրանի դեմ իրականացված «Էպիկական կատաղություն» ռազմագործողության արդյունքները։
Գերատեսչության ղեկավարի բնորոշմամբ՝ սա պատմական հաղթանակ էր, որը ստիպեց Իրանին հրադադար խնդրել։ Նա նշել է, որ 47 տարի շարունակվող սպառնալիքն այժմ չեզոքացված է։
«Իրանն աղաչում էր այս զինադադարի համար, և մենք բոլորս գիտենք դա»,- ասել է նա։
Հեգսեթը մանրամասնել է, որ վերջին գիշերվա ընթացքում հասցված ավելի քան 800 հարվածների արդյունքում ամբողջությամբ ոչնչացվել է Իրանի պաշտպանական-արդյունաբերական բազան, ինչը գործողության գլխավոր նպատակներից էր։
Նախարարը նաև հայտնել է, որ եթե Իրանը մերժեր Վաշինգտոնի պայմանները, հաջորդ թիրախները լինելու էին էլեկտրակայանները, կամուրջները և էներգետիկ ենթակառուցվածքները, որոնց վերականգնման համար տասնամյակներ կպահանջվեին։
Անդրադառնալով Իրանի ղեկավարությանը՝ Հեգսեթը պնդել է, որ երկրի նոր հոգևոր առաջնորդը վիրավոր է և ոչ գործունակ։
Միջուկային հարցերի մասով պաշտպանական գերատեսչության ղեկավարը հաստատել է, որ համաձայնագրի պայմաններով Իրանից ամբողջությամբ առգրավվելու են բոլոր այն միջուկային նյութերը, որոնց տիրապետելու իրավունքը Թեհրանը չունի։
«Նրանք գիտեն, որ այս համաձայնագիրը նշանակում է, որ նրանք երբեք, երբեք միջուկային զենք չեն ունենա։ Ըստ պայմանների՝ ցանկացած միջուկային նյութ, որը նրանք չպետք է ունենային, կհեռացվի՝ ցանկացած նյութ։ Նրանց օբյեկտները խորը թաղված են և հսկվում են շուրջօրյա։ Թրամփը սկզբից հստակ ասել է. իրանական միջուկային զենք չի լինի։ Ամբողջական դադարեցում»,- ընդգծել է Հեգսեթը։
