ԱՄՆ-ն և Իրանը համաձայնության են եկել երկշաբաթյա պայմանական հրադադարի շուրջ, որի ընթացքում կվերաբացվի Հորմուզի նեղուցը՝ թույլ տալով նավերի ազատ տեղաշարժը։
Համաձայնությունը ձեռք է բերվել ավելի քան մեկ ամիս տևած ռազմական լարվածությունից հետո, երբ ԱՄՆ-ն և Իսրայելը համատեղ հարվածներ էին հասցրել Իրանի տարածքին։ Մինչ այդ ԱՄՆ նախագահ Թրամփը սպառնացել էր, որ Իրանը պետք է վերաբացի նեղուցը, հակառակ դեպքում «ամբողջ քաղաքակրթություն կարող է ոչնչանալ մեկ գիշերում»։
Պակիստանի վարչապետը, որը միջնորդում էր բանակցություններում, հայտարարել է, որ հրադադարը ուժի մեջ է մտել անմիջապես։
Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ն պատրաստ է «երկու շաբաթով դադարեցնել Իրանի ռմբակոծումը», եթե Թեհրանը համաձայնի վերաբացել Հորմուզի նեղուցը՝ էներգակիրների արտահանման համար կարևոր ռազմավարական ուղին՝ նշելով, որ ԱՄՆ-ն արդեն հասել և գերազանցել է իր բոլոր ռազմական նպատակները։
Միևնույն ժամանակ նա զգուշացրել է, որ այն երկրները, որոնք ռազմական աջակցություն կտրամադրեն Իրանին, կբախվեն ԱՄՆ-ի կողմից 50% մաքսատուրքի։ Իրանը, իր հերթին, համաձայնել է երկու շաբաթով ապահովել նավերի անցումը նեղուցով՝ ռազմական համակարգման պայմաններում և ներկայացրել է 10 կետից բաղկացած ծրագիր, որը ներառում է տարածաշրջանում ռազմական գործողությունների լիակատար դադար, Իրանի նկատմամբ պատժամիջոցների վերացում, սառեցված ակտիվների վերադարձ և վերականգնման ծախսերի փոխհատուցում։ Թեհրանը նաև հայտարարել է, որ ամբողջությամբ հանձնառու է չձեռք բերել միջուկային զենք։
Այս մասին տեղեկացնում է BBC News-ը:
Իսրայելը հայտարարել է, որ աջակցում է հրադադարին, սակայն ընդգծել է, որ այն չի տարածվում Լիբանանի վրա։ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն նշել է, որ հրադադարը կախված է նրանից, թե արդյոք Իրանը կդադարեցնի հարձակումները ԱՄՆ-ի, Իսրայելի և տարածաշրջանի այլ երկրների դեմ։ Միևնույն ժամանակ, հրադադարի հայտարարությունից հետո Իսրայելում հնչել են օդային տագնապի ազդանշաններ, իսկ բանակը հայտնել է Իրանից արձակված հրթիռների մասին։
Պակիստանը առաջարկել է շարունակել բանակցությունները և կողմերին հրավիրել Իսլամաբադ՝ վերջնական համաձայնության հասնելու համար, սակայն իրավիճակը շարունակում է մնալ անկայուն․ հրադադարից հետո էլ հաղորդվել է հարձակումների մասին, այդ թվում՝ Քուվեյթում, որտեղ վնասվել են էներգետիկ ենթակառուցվածքներ։
Փորձագետները նշում են, որ կողմերի դիրքորոշումները դեռ հակասական են, և նախկին բանակցություններն էլ բազմիցս ուղեկցվել են ռազմական լարվածության աճով։ Մի շարք երկրների ղեկավարներ, այդ թվում՝ Ֆրանսիան, Գերմանիան, Մեծ Բրիտանիան և Եվրամիությունը, ողջունել են հրադադարը՝ կոչ անելով արագ հասնել կայուն և երկարաժամկետ խաղաղության։