ԱԺ շենքի դիմաց այսօր՝ ապրիլի 8-ին, տեղի է ունեցել բողոքի ակցիա՝ ի պաշտպանություն հայկական հոգևոր արժեքների։ Ակցիան մեկնարկել է բեմականացմամբ, որտեղ երեք սևազգեստ սատանականգնած են «Զգուշացե’ք, վտանգավոր է և թունավոր», «Փնտրվում է սատանա, թ 666, մականունը՝ Նիկոլ, նշանը՝ սրտիկ», իսկ երրորդ սատանայի վրա գրված է «սատանա թ 667»։ Ակցիայի խաչակիր մասնակիցը նրանց «քշել է»՝ ասելով՝ «Խաչո’վ կհաղթենք»։
Ակցիայի կազմակերպիչ, «Նոր Հայաստան» ՀԿ-ի նախագահ Էլեոնորա Մանանդյանը հայտարարել է, որ ակցիայի նպատակն է մարդկության ուշադրությունը սևեռել այն չարիքի վրա, որը տիրում է Հայաստանում։ Նրա խոսքով՝ մարդիկ հանձնվել են, ինչը նա անընդունելի է համարում և կարծում է, որ «չարիքն այնքան է խտացել, որ կարող ենք կորցնել ՀՀ-ի այս վերջին կտորը»։
«Բոլորը պատրաստվում են ընտրությունների, սակայն հանցագործը պետք է նստի բերդում, ոչ թե պատրաստվի ընտրություններին։ Եթե հանկարծ իշխանությունը, կեղծելով ընտրությունները, հանկարծ վերընտրվի, մենք կարող ենք հիրավի կորցնել Հայաստանի Հանրապետությունը»,- ասել է նա։

Մանանդյանը դիմել է ընդդիմությանը՝ հորդորելով պայքարել, միավորվել և միասնական ճակատով հանդես գալ։ Բացի այդ, նա դիմել է հայ ժողովրդին՝ նշելով, որ պատրաստել են ուղեցույց, թե ինչ պետք է անել՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին փողոցում հանդիպելիս։
«Մերժե՛ք իր սրտիկը, որովհետև իր խաղաղությունը կեղծ է։ Դա ոչ այլ ինչ է, քան հանձնվածություն և ոչնչացվածություն։ 1915 թվականին մենք լսել ենք նմանատիպ խոսակցություններ և գիտենք, թե դրանք ինչով ավարտվեցին»,- ընդգծել է նա։

Ակցիայի կազմակերպիչը դեմ է արտահայտվել իշխանության կողմից եկեղեցու դեմ իրականացված քայլերին։ Նա նշել է, որ որպես մարդ Փաշինյանին անվանում են սրբապիղծ, որպես հայ՝ ազգի թշնամի, որովհետև այն, ինչ նա անում է, չի արել ոչ մի թշնամի երբևիցե, որպես ՀՀ քաղաքացի՝ անվանում են հանցագործ, իսկ որպես հոգևոր ճանապարհով գնացող մարդ՝ անվանում են մեղսագործ։
2025 թվականի նոյեմբերին Ազգային ժողովի դիմաց նույն քաղաքացիները բողոքի ակցիա էին իրականացրել՝ պահանջելով իշխանությունների հրաժարականը։ Նրանք իրենց ակցիան անվանել էին «Նիկոլի ծուռ հայելիները» և համապատասխան գրությամբ պաստառ պահել։
