8 ապրիլի 2026 – 15:58 AMT
PanARMENIAN.Net – Պետական եկամուտների կոմիտեն հայկական ընկերություններից բողոքներ չի ստացել իրենց արտադրանքը ռուսական շուկա արտահանելու խոչընդոտների վերաբերյալ, հայտարարել է պետական եկամուտների կոմիտեի նախագահ Էդուարդ Հակոբյանը։
Անդրադառնալով այն տեղեկություններին, որ «Պռոշյանի կոնյակի գործարանի» արտահանման լիցենզիան կարող է չեղարկվել, Հակոբյանը նշել է, որ նման խնդիրները նոր չեն և նախկինում ևս արձանագրվել են հայկական ալկոհոլային խմիչքների արտահանման ընթացքում, հայտնում է Sputnik Արմենիան:
«Այդ պահանջները պարբերաբար խստացվում են, պարբերաբար թուլացվում են, այսինքն` դա բնականոն գործընթաց է։ Մեր հորդորն է հայ բիզնեսմեններին, որ հետևեն այդ պահանջներին»,– ասել է Հակոբյանը։
Նրա խոսքով՝ մաքսային հարցերի շուրջ հայկական կողմը շարունակական կապի մեջ է ռուս գործընկերների հետ, սակայն հաշվի առնելով, որ որոշ խնդիրներ առնչվում են նաև բուսասանիտարական նորմերին, անհրաժեշտ է նաև համապատասխան մարմինների ներգրավվածությունը։
Լրագրողների հարցին՝ արդյոք բացառվում են քաղաքական դրդապատճառներով խոչընդոտները, ՊԵԿ նախագահը նշել է, որ չի ցանկանում անդրադառնալ այդ թեմային։
«Եթե Ռուսաստանի վերահսկող մարմինները որոշակի հանձնարարական են ստանում կամ իրենք են որոշում ինչ–որ ժամանակը մեկ պահանջները խստացնել, մեզ մնում է հորդորել մեր հարկ վճարողներին և բիզնեսմեններին խիստ հետևել դրանց։ Այդ կանոններին հետևելը հնարավորություն է տալիս պետությանը ցանկացած իրավիճակում հայ տնտեսվարողների մեջքին կանգնել»,–ասել է Հակոբյանը։
Նա հավելել է, որ այն դեպքերում, երբ արտահանողը չի պահպանել սահմանված պահանջները, պետական մարմինների համար ավելի բարդ է լինում բանակցությունների միջոցով լուծել առաջացած խնդիրները։
«Պռոշյանի կոնյակի գործարանի» ՌԴ արտահանման լիցենզիան կարող է չեղարկվել: ՌԴ «Ռոսալկոգոլտաբակկոնտրոլը» ներմուծված ապրանքի ստուգման արդյունքում հայտնաբերել է լուրջ խախտումներ: Պարզվել է, որ ներմուծվող կոնյակը չի համապատասխանում ՌԴ ԳՕՍՏ-ի պահանջներին․ դրա բաղադրության մեջ հայտնաբերվել են ոչ խաղողի ծագման սպիրտներ՝ «այսպիսով, տվյալ արտադրանքը փաստացի չի կարող համարվել կոնյակ»։
Գերատեսչությունն արդեն դիմել է դատարան՝ լիցենզիայի կասեցման և հնարավոր ուժը կորցնելու պահանջով։ Ներկայացված նյութերը նաև մատնանշել են վարչական իրավախախտման առկայությունը։ Գործը քննվում է արբիտրաժային դատարանում։