Ընդդիմության միասնական քվեն կրկնակի բարձր է, քան գործող վարչախմբինը. ընդդիմությունը հաղթում է Նիկոլ Փաշինյանին. Սաղաթելյան

Չգիտեմ՝ ինչ ի նկատի ունեք. ընտրություններին մասնակցում է մի քանի խոշոր դաշինք։ 2-3 օրվա մեջ ամեն ինչ կհստակեցվի, լրագրողների հետ զրույցում այսօր ասաց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը՝ պատասխանելով այն հարցին՝ հնարավո՞ր է հանուն մեծ ուժի՝ ընտրություններում  հաղթանակի՝ մյուսները վայր դնեն սեփական ամբիցիաները։

«Մենք գտնում ենք, որ ներկայացող թիմերը բավականին արդյունավետ ֆորմատ են այս իշխանության վերարտադրությունը կանխելու համար»,- ասաց նա։

Հարցին՝ հետևո՞ւմ է վերջին սոցհարցումների տվյալներին, որոնց համաձայն «Հայաստան» դաշինքն ընդամենը 5,5 տոկոս քվեներ է ստանալու, Իշխան Սաղաթելյանը պատասխանեց՝ «Գելափ»-ի՝ 2021-ի և հաջորդող մյուս բոլոր  կանխատեսումները սխալ են եղել։

«Ես ձեզ պաշտոնապես ասում եմ, որ վերջին ամիսների ընթացքում պարբերաբար հարցումներ ենք իրականացնում։ Վերջին հարցումն ունեցել ենք 10 օր առաջ։ Այն, ինչ հրապարակել է «Գելափ»-ը, դրա հետ բացարձակ կապ չունի։ Դրանք խեղաթյուրված արդյունքներ են։ Թիվ չեմ ասելու, բայց մեր դաշինքի հետ կապված խոսակցությունները կամ Նիկոլ Փաշինյանի թվերը չեն համապատասխանում իրականությանը։

Ընդդիմության միասնական քվեն կրկնակի բարձր է, քան գործող վարչախմբինը։ Ընդդիմությունը հաղթում է Նիկոլ Փաշինյանին. համախմբված ընդդիմության միասնական ձայները բավականին ավելի են, քան գործող իշխանությանը։ Հետևաբար կա միտում մեր հետ կապված թիվ հրապարակելու։ Դա իրականության հետ կապ չունի»,- ասաց Սաղաթելյանը։

Ընդդիմադիր գործիչը շեշտեց՝ հետևելով Փաշինյանի վարքին՝ ակնհայտ է դառնում, որ նա կորցրել է ինքնակառավարումը, քաղաքականությունը ցանկանում է վերածել փողոցային գործընթացի։

«Նրա պահվածքը, բառապաշարը վկայում են վախերի մասին։ Այն, որ այդ ջղաձգումների, հիստերիայի արդյունքում ինքը ուժայիններին ապօրինի հրահանգներ է տալիս, ակնհայտ է։ Մենք քննարկում ենք մեր գործընկերների հետ, և ընդդիմությունն իր քայլերով ու գործողություններով պիտի դիմադրություն ձևակերպի, հակազդեցություն ցույց տա և տեր կանգնի ժողովրդի տված քվեին» ,- ամփոփեց Սաղաթելյանը։

Leave a Comment