Տիգրան Ավինյանի՝ երկուշաբթի օրը գործակարգավարական խորհրդակցության ժամանակ անզորությունից արած հայտարարությունը, թե այսուհետ ավտոբուսի վարորդները իրենք պետք է հետևողական լինեն, որ ուղևորները վճարեն ուղեվարձը, այլապես կզրկվեն պարգևավճարներից, իսկական գլխացավանք է դարձել վարորդների ու նաև ուղևորների համար։ Հասարակական տրանսպորտում ամեն օր վեճեր են ծագում վարորդների և ուղևորների միջև վճարման հետ կապված, այն դեպքում, երբ շատ հաճախ ոչ թե ուղևորները չեն ցանկանում վճարել, այլ TelCell-ի վալիդատորները նորմալ չեն աշխատում և քարտերը չեն կարողանում սպասարկել։
Երեկ, օրինակ, վճարման հետ կապված խնդիր է առաջացել և դրա հետևանքով միջադեպ է տեղի ունեցել թիվ 97 համարի ավտոբուսում, վարորդը բղավել է ուղևորների վրա և հրաժարվել վարել ավտոբուսը։ Ուղևորներից մեկը MakaryanNews-ին պատմեց, որ երեկոյան ինքն ու ընկերուհին աշխատանքից տուն վերադառնալու նպատակով նստել են թիվ 97 երթուղին սպասարկող ավտոբուսը, մոտեցել են վալիդատորին, որ քարտով վճարեն, սակայն վալիդատորները չեն աշխատել։ Թե՛ իր, թե՛ ընկերուհու քարտին բավականին գումար է եղել, որ այդ 150 դրամ ուղեվարձը վճարեն, սակայն սարքը չի աշխատել և վճարում չի ընդունել։ Վարորդը վրդովվել է ու սկսել բղավել, թե ինչո՞ւ չեն վճարում ուղեվարձը, ինչին ի պատասխան՝ կանայք վարորդին տեղեկացրել են, որ սարքը չի աշխատում, բայց կարող են հավելվածով ցույց տալ, որ իրենց քարտերի վրա բավականաչափ գումար կա։ Բայց վարորդին դա չի հետաքրքրել ու պահանջել է իջնել ավտոբուսից, այլապես չի շարունակի ճանապարհը։
«Ասացի՝ չեմ իջնելու, որովհետև ձեր ապարատը չի աշխատում։ Մատը աչքս մտցնելով էր խոսում, էնպիսի տպավորություն էր, որ խմած էր վարորդը։ Ի վերջո, ինքը իջավ ավտոբուսից, ու մի 15 րոպե կլինի՝ դրսում կանգնած էր ու չէր քշում։ Վերջը մենք էլ իջանք ավտոբուսից, ես իրեն այդ պահին նկարեցի, հետո նստեցինք 58 համարի ավտոբուսը։ Էնտեղ մի ապարատով չանցան մեր քարտերը, երկրորդ ապարատով անցան, բայց պարզվեց՝ այդ ավտոբուսում էլ է նույն պրոբլեմը եղել։ Մարդիկ պատմեցին, որ այդ օրը իրենց հետ էլ է նմանատիպ դեպք եղել, որ մարդկանց իջեցրել են ավտոբուսից ու շատ վատ ձևով են իջեցրել»,-MakaryanNews-ին պատմեց 97 համարի վարորդի պահվածքից տուժած ուղևորը։
Դեպքը տեղի է ունեցել Մաշտոց-Թումանյան խաչմերուկի կանգառում։ Այս ամենը Տիգրան Ավինյանի սխալ կառավարման հետևանքն է, երբ մի կողմից չի կարողանում նորմալ համակարգ ներդնել, որ ուղևորները վճարման հետ կապված խնդիրներ չունենան, մյուս կողմից՝ սա Հասարակական կարգի պահպանման ծառայության գործառույթն է, բայց այդ ծառայության աշխատակիցները, փաստացի, իրենց վերապահված գործառույթները չեն իրականացնում, ու փոխանակ Ավինյանը նրանցից պահանջի, որ ավտոբուսներում հսկողություն իրականացնեն, վարորդներից է պահանջում։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ: