Bloomberg գործակալության փոխանցմամբ՝ չնայած Դոնալդ Թրամփի և Իրանի հայտարարած երկշաբաթյա հրադադարին, Պարսից ծոցում արգելափակված ավելի քան 800 նավերի տեղաշարժի հարցում դեռևս հստակություն չկա։ Հորմուզի նեղուցի շրջանում, որը պատերազմի ընթացքում փակ էր նավագնացության համար, տեսանելի փոփոխություններ չեն նկատվում։ Նավատերերը զգուշավորություն են ցուցաբերում՝ սպասելով անվտանգության երաշխիքների և խորհրդակցելով ապահովագրական ընկերությունների հետ։
Իրանական կողմը հայտարարել է, որ համաձայն է ապահովել նավերի անվտանգ անցումը երկշաբաթյա ժամկետում, սակայն շեշտել է, որ դա պետք է տեղի ունենա «տեխնիկական սահմանափակումների» շրջանակում և իր զինված ուժերի հետ համակարգմամբ։ Միևնույն ժամանակ, նախագահ Թրամփը հայտարարել է նեղուցի «լիակատար, անհապաղ և անվտանգ բացման» մասին՝ հավելելով, որ Միացյալ Նահանգները կաջակցեն տրանսպորտային հոսքի վերականգնմանը և «մոտակայքում կլինեն»։
Այդուհանդերձ, միջազգային փոխադրողների մեծ մասը նախազգուշացնում է, որ նավագնացությունը վերսկսելու համար անհրաժեշտ է իրավիճակի առավել խորը և հստակ ընկալում։ Թեև որոշ նավեր արդեն բերվել են պատրաստվածության վիճակի, սակայն սեփականատերերը սպասում են առավել կոնկրետ գործողությունների, որոնք կփարատեն անվտանգության հետ կապված մտահոգությունները։
