Նախարար․ Թվային տնտեսությունների և հասարակության ձևավորումը ՀՀ համար ռազմավարական առաջնահերթություն է

Նախարար․ Թվային տնտեսությունների և հասարակության ձևավորումը ՀՀ համար ռազմավարական առաջնահերթություն է

8 ապրիլի 2026 – 13:26 AMT

PanARMENIAN.Net – Վստահության վրա հիմնված թվային տնտեսությունների և թվային հասարակության ձևավորումը Հայաստանի կառավարության համար ռազմավարական առաջնահերթություն է։ Այդ մասին «Doing Digital Forum 2026»-ի ընթացքում նշել է Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը, հայտնում է Արմենպրեսը:

«Մենք հավատացած ենք, որ մեր ազգային կենսունակության բարձրացման և տնտեսության կայուն, շարունակական զարգացման նախադրյալներից մեկը հանդիսանում են բաց, թափանցիկ, ապահով, պաշտպանված տվյալները, ենթակառուցվածքները և վստահության միջավայրը: Եթե ինձ հարցնեն՝ արդյոք հնարավո՞ր է մեկ մտքով ասել, թե ինչ է թվայնացումը կամ թվային վերափոխումը, գոնե ես դա անել չեմ կարող և վստահ չեմ՝ անգամ, որ ԱԲ-ն կարող է դա լիարժեք կերպով հասցնել հանրությանը: Նախևառաջ Կառավարությունը պատկերացնում է, որ այն գալիս է հեշտացնելու իր քաղաքացու կյանքը, գալիս է վստահության և կանխատեսելիության միջավայր ստեղծելու մասնավոր հատվածի տնտեսության համար՝ բիզնեսի համար, այն գալիս է պաշտպանելու քաղաքացու տվյալները, ստեղծելու ենթակառուցվածքներ և, ինչու ոչ, ապահովելու նոր միջավայր՝ տեխնոլոգիաների և նորարարության զարգացման համար»,- ասել է Հայրապետյանը:

Նախարարը նաև ընդգծել է, որ արդեն մի քանի տարի շարունակ կառավարությունը մասնավոր հատվածի գործընկերների հետ իրականացրել է լայնածավալ և բազմաբնույթ բարեփոխումներ տվյալ ուղղությամբ։

«Doing Digital Forum 2026»-ի կազմակերպիչն է SPRING PR ընկերությունը, իսկ միջոցառումն անցկացվել է «Միավորելով պլատֆորմներն ու տնտեսությունները» խորագրով։

Leave a Comment