
1894 թ. Կարսի մարզի Հաջիշեն գյուղում երկաթուղային բանվոր Ստեփան Տեր-Իսահակյանի և էստոնուհի՝ ծնունդով Դորպատ (Տարտու) քաղաքից Իդա Լաուերի ընտանիքում է ծնվել ապագա ծովակալ Հովհաննես Իսակովը (Տեր-Իսահակյան)։ Սրանից ճիշտ 60 տարի առաջ հայկական ձայնասփյուռի միջոցով նա խոսել է իր հայրենակիցների հետ։ Այս փայլուն զորահրամանատարը, որն անգերազանցելի ավանդ ունեցավ հատկապես Երկրորդ աշխարհամարտի տարիներին Սևծովյան և Բալթյան նավատորմերի ստեղծման ու կայացման գործում, այս ձայնագրությունից ամիսներ անց, ցավոք, հեռացավ կյանքից 73 տարեկան հասակում։ Նա պատմում է Հայաստան տեղափոխվելու իր մեծ ցանկության, դրա խոչընդոտների մասին, ինչպես նաև խոսում է իր և Հայաստանի գիտական ու գրական կապերից։
Իսկ սրանից մոտ 50 տարի առաջ հայկական ձայնասփյուռի տաղավարում հյուրընկալվել էր լիբանանահայ պատմաբան Պողոս Թութունջյանը՝ պատմելու 1975-ին Մերձավոր Արևելքի այս չքնաղ երկրում, որտեղ բնակվում էր շուրջ 300,000 հայ, բռնկված քաղաքացիական ահռելի պատերազմի մասին։ Ընդհանուր առմամբ, գրեթե 15 տարի տևած այս պատերազմը խլեց ավելի քան 150,000 մարդու կյանք, և ավելի քան մեկ միլիոն մարդ լքեց Լիբանանը՝ ավելի ապահով ափեր հասնելու համար։ Պողոս Թութունջյանը ներկայացնում է 1977 թվականի այն հարաբերական խաղաղության շրջանը, որ հաստատվել էր եղբայրասպան պատերազմի ընթացքում, և պատմում է հայության գրաված դիրքի մասին։
Հինավուրց Փյունիկիայի՝ Լիբանանի ժամանակակից պատմությունը լեցուն է պատերազմներով և ավերներով։ Այսօր էլ այստեղ հանգիստ չէ։ Հայ համայնքը բավական նոսրացած է, և հայության երբեմնի կրթական, մշակութային ու վաճառաշահ այս կենտրոնն ապրում է շատ դժվար ժամանակներ։ Հայկական նվիրապետական երկու աթոռները՝ Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսությունը և Հայ Կաթողիկե Եկեղեցու Զմմառի Պատրիարքությունը, այս գեղեցիկ երկրում են, որտեղ ամեն օր արկեր են պայթում և մարդիկ զոհվում։