Փաշինյանն անձամբ է կազմել ՔՊ նախընտրական ցուցակը՝ անտեսելով «փրայմերիզի» արդյունքները. ԶԼՄ

«Քաղաքացիական պայմանագիր» (ՔՊ) կուսակցության նախընտրական ցուցակի վերջնական տեսքը որոշվել է ոչ թե ներքին քվեարկության արդյունքներով, այլ վարչապետ Նիկոլ Փաշինյանի անձնական որոշմամբ, հայտնել է «Իրավունք» թերթը՝ հղում անելով կուսակցության ներսում շրջանառվող տեղեկություններին։

Ըստ հրապարակման՝ ներքին քվեարկության (փրայմերիզի) արդյունքները փաստացի ազդեցություն չեն ունեցել ցուցակի կազմման վրա։ Թեկնածուների դասավորությունը կատարվել է վարչապետի կողմից, ով անհատապես ընտրել է իրեն հավատարիմ և վստահելի գործիչներին։

Պարբերականը նշել է, որ երկու ամիս շարունակ ընթացող ներկուսակցական ընտրությունները կրել են ոչ էական բնույթ և նպատակ են ունեցել հանրության շրջանում ստեղծել ներկուսակցական ժողովրդավարության տպավորություն։

ՔՊ-ի ներկուսակցական ընտրությունները երկրորդ փուլը կայացել էր մարտի 27-28-ին։ Վերջանական փուլի արդյունքներով՝ ամենից շատ կողմ քվե ստացել է Փաշինյանը (933 ձայն): Երկրորդ տեղում Արտգործնախարար Արարատ Միրզոյանն է (853 ձայն), երրորդում՝ Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը (842 ձայն)։ Ըստ այդմ՝ հունիսին կայանալիք խորհրդարանական ընտրություններում ՔՊ-ի վարչապետի թեկնածուն կլինի  Փաշինյանը։

Leave a Comment