Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը մեկօրյա պետական այց է կատարել Վրաստան: Թբիլիսիի օդանավակայանում նրան և տիկնոջը դիմավորել է արտաքին գործերի նախարար Մակա Բոճորիշվիլին:
Ալիևի ընդունելության հանդիսավոր արարողությունը կազմակերպվել է «Օրբելիանի» նախագահական պալատում, որտեղ կայացել է նրա դեմ առ դեմ հանդիպումը Վրաստանի նախագահ Միխեիլ Կավելաշվիլիի հետ:
Այնուհետև Ալիևին իր նստավայրում ընդունել է վարչապետ Իրակլի Կոբախիձեն: Բանակցությունների արդյունքներով Կոբախիձեն և Ալիևը հանդես են եկել մամուլի համար հայտարարություններով:
Օրվա վերջում իշխող «Վրացական երազանք» կուսակցության մամուլի ծառայությունը հաղորդագրություն է տարածել, ըստ որի՝ «կուսակցության հիմնադիր և պատվավոր նախագահ Բիձինա Իվանիշվիլին ընդունել է Ադրբեջանի նախագահին և նրա գլխավորած պատվիրակությանը»: Հանդիպումը կայացել է Թբիլիսիի բիզնես կենտրոնում:
Ըստ վրացական աղբյուրների, Բիձինա Իվանիշվիլին Իլհամ Ալիևին «Վրաստան կատարած արդյունավետ այցի համար շնորհակալություն է հայտնել»:
Իվանիշվիլին կարեւոր է նաև Հարավային Կովկասում խաղաղություն և կայունություն հաստատելու ուղղությամբ Ադրբեջանի նախագահի ներդրումը և ընդգծել, որ այդ նպատակով Վրաստանի և Ադրբեջանի իշխանությունները «խաղաղության և տնտեսական զարգացման պահպանման համար պետք է առավելագույն ջանքեր գործադրեն»:
Հանդիպմանը քննարկվել են էներգետիկայի, տրանսպորտային հաղորդակցության բնագավառում համագործակցության, ինչպես նաև Վրաստանում ադրբեջանական ներդրումների հետ կապված հարցեր:
Ըստ էության, Բիձինա Իվանիշվիլին Իլհամ Ալիևի հետ հանդիպմանը «օրինականացրել» է այն քննարկումները, որ Ադրբեջանի նախագահը ունեցել է Վրաստանի վարչապետի հետ: Դա նշանակում է, որ վրաց-ադրբեջանական համագործակցությունը ստանում է աշխարհաքաղաքական ընտրության բովանդակություն:
Նույն օրը Վրաստան է ժամանել Ղազախստանի արտաքին գործերի նախարար Երմեկ Կոշերբաևը: Ավելի վաղ տեղեկություն է տարածվել, որ Եվրամիության պնդումների պատճառով Վրաստանը խզել է Ռուսաստանից նավթի գնման պայմանագիրը և որոշել է այն փոխարինել թուրքմենականով և ղազախականով:
Խոսքը Կուլևի նավահանգստում նավթավերամշակման գործարանի մասին է, որ ունի տարեկան չորս միլիոն տոննա նավթ վերամշակելու հզորություն: Ղազախստանից և Թուրքմենստանից նավթի ներկրում Վրաստանը կարող է իրականացնել միայն Ադրբեջանի տարածքով:
«Վրացական երազանք» իշխող կուսակցության պատվավոր նախագահ Բիձինա Իվանիշվիլին ունի ռուսաստանամետ գործչի և Վրաստանի փաստացի առաջնորդի համարում: Իլհամ Ալիևի հետ նրա հանդիպումը, ամենայն հավանականությամբ, զուտ արարողակարգային չէ:
Վրաստանում սպասում են ԱՄՆ պետական դեպարտամենտի պատվիրակությանը: Մարտի վերջին օրը Վրաստանի վարչապետ Կոբախիձեն հեռախոսազրույց է ունեցել Միացյալ Նահանգների պետքարտուղար Ռուբիոյի հետ:
Ըստ երևույթին, Վրաստան Ալիևի պետական այցի ժամանակը պատահական չի ընտրվել: