ԱՄՆ փոխնախագահ Վենսի համար հերթական պարտությունը կգրանցվի Հունգարիայում •

ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը ժամանել է Բուդապեշտ: Ապրիլի 12-ին Հունգարիայում տեղի են ունենալու խորհրդարանական ընտրություններ: Գործող վարչապետ Վիկտոր Օրբանը այդ պաշտոնը զբաղեցրել է տասնվեց տարի:

Նրա գլխավոր մրցակիցը «Տիսա» կուսակցության առաջնորդ Պետեր Մադյարն է: Արևմտյան աղբյուրների տեղեկություններով, վերջին հարցումները վկայում են, որ Օրբանը զգալիորեն զիջում է Մադյարին. հունգարացիները 49 տոկոսը պատրաստվում է քվեարկել ընդդիմության օգտին, մինչդեռ Օրբանին սատարում է ընտրողների 39 տոկոսը:

Ջեյ Դի Վենսի այցի նախօրեին Բուդապեշտում Վիկտոր Օրբանը կազմակերպել է բազմամարդ հանրահավաք, որի մասնակիցները, սակայն, «Ռուսներ, տուն վերադարձեք» կարգախոս են հնչեցրել:

Դա 1956 թվականի հակախորհրդային ապստամբության գլխավոր կարգախոսն է: Քաղաքական դիտորդները համարում են, որ «Օրբանի համար քվեարկությունը չափազանց ծանր է լինելու»:

Նախատեսված է, որ ԱՄՆ փոխնախագահը ներկա կգտնվի Օրբանի կուսակցության հանրահավաքին և հանդես կգամ ի աջակցություն Վիկտոր Օրբանի ելույթով:

Հունգարիայի գործող վարչապետը Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփի նախագահական ընտրարշավում սատարել է նրան: Ըստ երևույթին, Թրամփը ձգտում է «վարձահատույց լինել», բայց նրա կողմից Օրբանին ցուցաբերվող բացահայտ աջակցությունը խորքային նշանակություն ունի:

ԱՄՆ նախագահը Եվրամիության և ՆԱՏՕ-ի անդամ եվրոպական երկրների հետ բարդ հարաբերություններ ունի, իսկ Օրբանը եվրոպական հազվագյուտ առաջնորդնեից մեկն է, ով այդ հարցերում ուղղակի կամ միջնորդավորված ձևով օժանդակում է նրան:

Անդրադառնալով ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի Բուդապեշտ այցին, Israel Inside-ը գրել է, որ վերջին հարցումների տվյալներով հունգարացիների կեսից ավելին Միացյալ Նահանգների նախագահին անվանել է «բացասական դեմք»:

Եթե այդ տեղեկությունը գոնե մոտ է իրականությանը, ապա բացառված չէ, որ Վիկտոր Օրբանի օգտին Ջեյ Դի Վենսի քարոզչությունը կարող է հակառակ էֆեկտ ունենալ:

Հունգարիայի խորհրդարանական ընտրությունների արդյունքը սկզբունքային նշանակություն ունի նաև Ռուսաստանի համար:

Անցյալ շաբաթ արևմտյան մամուլում հրապարակվել են Հունգարիայի և Ռուսաստանի արտաքին գործերի նախարարներ Սիարտոյի և Լավրովի գաղտնալսված հեռախոսազրույցները: Եվրամիության կառույցներում կասկածներ կան, որ Սիարտոն Ռուսաստանին «Եվրահանձնաժողովի նիստերից գաղտնի տեղեկություններ է փոխանցել»:

Leave a Comment