Իրաքում առևանգված ամերիկացի լրագրողին ազատ են արձակել

Իրաքում առևանգված ամերիկացի լրագրողին ազատ են արձակել

Իրաքյան զինված «Կատաիբ Հեզբոլլահ» խմբավորումը ազատ է արձակել ամերիկացի լրագրողուհի Շելլի Քիթլսոնին, ում առևանգել էին մի քանի օր առաջ. հայտնել է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն։

Նա տեղեկացրել է, որ Քիթլսոնի ազատ արձակմանը նպաստել են Պենտագոնի, ԱՄՆ ՀԴԲ-ի և Իրաքի Գերագույն դատական խորհրդի պաշտոնյաներ։ Լրագրողուհին առևանգվել էր մարտի վերջին Բաղդադում։

«Կատաիբ Հեզբոլլահ»-ը երեքշաբթի ավելի վաղ հայտարարել էր, որ ազատ կարձակի Քիթլսոնին և որ նա անմիջապես պետք է լքի Իրաքը։

Նրա ազատ արձակումը հաջորդել է Իրաքի կառավարության և մի քանի ազդեցիկ շիա առաջնորդների ինտենսիվ ջանքերին, ովքեր ճնշում էին գործադրել զինված խմբավորման վրա՝ ապահովելու լրագրողուհու ազատությունը, Reuters-ին հայտնել է իրավիճակին տեղյակ պաշտոնյա։

Մերձավոր Արևելքի նորությունների Al-Monitor կայքը հայտնում է, որ Շելլի Քիթլսոնը ԱՄՆ-ի ֆրիլանսեր լրագրողուհի էր, որը բնակվում էր Հռոմում և տարածաշրջանում լուսաբանել էր մի քանի պատերազմներ։ Նա հոդվածներ էր գրում նաև այդ կայքի համար։

«Կատաիբ Հեզբոլլահ»-ին մոտիկ սոցիալական ցանցում տարածվել է տեսանյութ, որտեղ, իբր, երևում է Քիթլսոնը։

Leave a Comment