Տիրանոզավրի «կաշվից» շքեղ պայուսակ է ներկայացվել

Տիրանոզավրի «կաշվից» շքեղ պայուսակ է ներկայացվել

Ամստերդամում ներկայացվել է աշխարհի առաջին շքեղ (լյուքս դասի) պայուսակը, որը պատրաստված է լաբորատոր պայմաններում աճեցված նյութից։ Այն նմանակում է տիրանոզավր Ռեքսի կաշին և կարող է վաճառվել շուրջ 575 հազար եվրոյով։ Պայուսակը ստեղծվել է դինոզավրի սպիտակուցային հաջորդականությունների վերականգնման միջոցով ստացված նյութից։ Թեև տիրանոզավրը վերացել է 66 միլիոն տարի առաջ, գիտնականներն օգտագործել են բրածոների մեջ պահպանված կոլագենը և արհեստական բանականության օգնությամբ լրացրել սպիտակուցների բացակայող հատվածները։ 

Ստացված գենետիկ «նախագիծը» ներդրվել է բջիջների մեջ, ինչը հնարավորություն է տվել աճեցնել դինոզավրի մաշկ հիշեցնող նյութ։ Այն ստացել է կապտականաչ երանգ և վերածվել արծաթով ու սև ադամանդներով զարդարված շքեղ ձեռքի պայուսակի։ Նմուշը ցուցադրվել է Ամստերդամի թանգարանում՝ դինոզավրի ամբողջական մոդելի կողքին։

Նախագծի հեղինակները նշում են, որ այս տեխնոլոգիան ապագայում թույլ կտա ստեղծել մորթու և կաշվի էթիկական այլընտրանքներ՝ առանց կենդանիների սպանության։ Միևնույն ժամանակ, նյութը պահպանել է իրական կաշվի կարևոր հատկությունները՝ հոտը, դիմացկունությունը և արտաքին տեսքը։ Չնայած ներկայումս սա եզակի օրինակ է, գիտնականներն արդեն ուսումնասիրում են տեխնոլոգիան լայն արտադրության մեջ կիրառելու հնարավորությունները:

Գնահատեք հոդվածը

Leave a Comment