Radar Զրույցի այսօրվա հյուրն է «Հայաստանի Եվրոպական կուսակցության» ղեկավար Տիգրան Խզմալյանը։
Խզմալյանի խոսքով՝ իրենք մասնակցելու են առաջիկա խորհրդարանական ընտրություններին․ «Մենք բաց ենք դաշինք կազմելու համար և օրնիբուն փնտրում ենք, առաջարկում ու հորդորում ենք ժողովրդավարական ուժերին միավորվել։ Մենք ունենք փորձ, երբ առանձին-առանձին հավաքելով ավելի մեծ քանակությամբ ձայներ, քան, օրինակ, 3-րդ ուժը (դա եղել էր 2021թ.-ին), հավաքել ենք 2-3 անգամ ավելի, քան 3-րդ ուժը հանդիսացած Սերժ Սարգսյանի կառույցը»։
Տիգրան Խզմալյանը նշում է, որ դեռ հայտնի չէ իրենց վարչապետի թեկնածուն․ «Մենք շարունակում ենք փորձել դաշինք ստեղծել, և վարչապետի թեկնածուն մեր կուսակցության համար այդքան էլ սկզբունքային չէ։ Մենք գիտակցում ենք, որ դիմակայում ենք հզոր դաշինքի, որովհետև հիմա Փաշինյանի թիկունքին կանգնած են Պուտինը, Ալիևը, Էրդողանը, և դա հանրության մեջ նաև վախի մեծ գործոն է առաջացնում։ Սա բեմադրություն է, որը ներկայացվում է ժողովրդին «կա՛մ մենք, կա՛մ պատերազմը» ձևաչափով։ Մեզ համար կարևոր է, որ ժողովրդավարական ուժերը լինեն խորհրդարանում։ Մեր համոզմամբ՝ այս ընտրությունները ոչ այնքան իշխանության կամ իշխանափոխության, որքան «ընդդիմափոխության» մասին են, որովհետև եթե եվրոպական ուժերը լինեն խորհրդարանում՝ անգամ փոքր խմբակցությամբ, համաշխարհային քաղաքականության և աշխարհաքաղաքական զարգացումների դինամիկան Հայաստանը տանելու է ճիշտ ուղղությամբ»,- ասել է նա։
