«Արտեմիս 2»-ի տիեզերագնացները պատմական թռիչքով շրջեցին Լուսնի շուրջ

«Արտեմիս 2»-ի տիեզերագնացները պատմական թռիչքով շրջեցին Լուսնի շուրջ

NASA-ի Artemis 2 առաքելությունը պատմական փուլ է անցել․ տիեզերանավը շրջանցել է Լուսնի հեռավոր կողմը՝ մոտ յոթ ժամ տևած թռիչքի ընթացքում։ Այդ ընթացքում չորս տիեզերագնացները հնարավորություն են ստացել տեսնել Լուսինը այնպիսի տեսանկյունից, ինչպես մարդկային աչքը նախկինում երբեք չէր տեսել։

Մարդկության նոր հեռավորության ռեկորդը

«Artemis 2»-ը առաջին առաքելությունն է, որը տիեզերագնացներին դուրս է բերել Երկրի ցածր ուղեծրից՝ 1972 թվականին իրականացված Apollo 17-ից հետո։ Առաքելությունը մեկնարկել է ապրիլի 1-ին։ Ապրիլի 6-ի վաղ առավոտյան տիեզերանավը մտավ Լուսնի ձգողականության ազդեցության գոտի։ Մի քանի ժամ անց անձնակազմը անցավ ևս մեկ կարևոր սահման՝ Երկրից ավելի քան 400 հազար կմ հեռավորություն, ինչը գերազանցեց նախկին ռեկորդը, որը սահմանվել էր Apollo 13 առաքելության ժամանակ 1970 թվականին։ Այնուհետև «Integrity»-ը շարունակեց հեռանալ և հասավ առավելագույն 406 771 կմ հեռավորության, որը այժմ համարվում է մարդկության նոր տիեզերական ռեկորդը։ 

Լուսնի ուսումնասիրություն՝ գիտության համար

Լուսնի շրջանցումը պարզապես տեսարժան թռիչք չէր։ Տիեզերագնացները մի քանի ժամ շարունակ ուսումնասիրել են Լուսնի մակերևույթը՝ հետևելով գիտական թիմի կազմած հատուկ ծրագրին։ Այս առաքելությունը եզակի հնարավորություն էր, քանի որ մարդիկ ավելի քան կես դար մոտից չէին դիտել Լուսինը։ Բացի այդ, մարդու աչքը կարող է նկատել գույնի և մակերևույթի նուրբ տարբերություններ, որոնք երբեմն չեն ֆիքսվում տիեզերական սարքերի տեսախցիկներով։ Տիեզերագնացների հիմնական դիտարկման թիրախներից մեկը եղել է Orientale Basin հսկայական հարվածային խառնարանը՝ մոտ 965 կմ լայնությամբ, որը հաճախ անվանում են «Լուսնի մեծ կիրճ»։

Հուզիչ պահեր տիեզերքում

Տիեզերագնացները ոչ միայն գիտական դիտարկումներ են կատարել, այլև զգացմունքային պահեր են ապրել։ Տիեզերագնաց Քրիստինա Քոխը նշել է, որ Լուսնի տեսարանը իրեն խորապես հուզել է։ Նրա խոսքով՝ մի պահ նա զգացել է, թե որքան իրական և կենդանի է լուսնային լանդշաֆտը, և հասկացել է, որ Լուսինը տիեզերքում իսկապես ինքնուրույն և յուրահատուկ աշխարհ է։

 

Լրիվ արևային խավարում Լուսնից այն կողմ

Շրջանցման ընթացքում տիեզերագնացները դիտել են նաև լրիվ արևային խավարում։ Քանի որ Լուսինը նրանցից շատ մոտ էր երևում, արևը փակված է մնացել մոտ 53 րոպե, մինչդեռ Երկրի վրա նման խավարումը առավելագույնը տևում է մոտ 7,5 րոպե։ Խավարումը գիտնականներին հնարավորություն է տալիս ուսումնասիրել Արեգակի արտաքին մթնոլորտը՝ կորոնան, որը սովորաբար դժվար է տեսնել Արեգակի պայծառության պատճառով։ Առաքելության ընթացքում տիեզերագնացները տեսել են նաև առնվազն հինգ մետեորային հարված Լուսնի մակերևույթին։ Բացի այդ, նրանք կարողացել են դիտել մի քանի մոլորակներ՝ Մերկուրի, Վեներան, Մարսը և Սատուրնը։

Վերադարձ դեպի Երկիր

Լուսնային շրջանցումից հետո Artemis 2-ը սկսել է վերադարձի ճանապարհը դեպի Երկիր։ Տիեզերանավը պետք է վայրէջք կատարի Խաղաղ օվկիանոսում՝ Սան Դիեգոյի ափերի մոտ, պարաշյուտների օգնությամբ։ Այս առաքելությունը համարվում է կարևոր քայլ դեպի հաջորդ փուլերը։ Առաջիկա տարիներին նախատեսվում են նոր ծրագրեր, որոնց նպատակը Լուսնի հարավային բևեռի շրջանում մարդկային վայրէջք և մշտական գիտական բազայի ստեղծումն է։

Leave a Comment