Արսեն Թորոսյանը աղքատության դինամիկան ցույց է տվել՝ ոչ համադրելի տվյալներ կիրառելով

Ապրիլի 4-ին տեղի ունեցավ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ութերորդ արտահերթ համաժողովը։ Համաժողովը որոշեց որպես կուսակցության ՀՀ վարչապետի թեկնածու հաստատել վարչության նախագահ Նիկոլ Փաշինյանին, հաստատել և ԱԺ 2026 թվականի հունիսի 7-ի ընտրություններին առաջադրել կուսակցության ընտրական ցուցակը, ինչպես նաև հաստատել 2026 թ․ ընտրություններում կուսակցության նախընտրական ծրագիրը։ Համաժողովի ընթացքում ելույթներով հանդես եկան կուսակցության անդամները, որոնք անդրադառնում էին իրենց պաշտոնավարման ժամանակահատվածում կատարված փոփոխություններին, գալիք ընտրություններին և այլն։

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արսեն Թորոսյանը իր ելույթում նշեց. «Մենք մոտեցել ենք ծայրահեղ աղքատության վերացմանը, էականորեն կրճատել աղքատությունն ու գործազրկությունը»։ Ըստ էության, Թորոսյանը նկատի է ունեցել 2025-ի նոյեմբերին ՀՀ վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալները 2024 թ. Հայաստանում աղքատության պատկերի մասին (2025-ի տվյալները պետք է հրապարակվեն այս տարի):

Ըստ Վիճկոմի վերջին տվյալների՝ 2024 թ. Հայաստանում միջին մակարդակի աղքատ է եղել բնակչության 21,7 %-ը, իսկ սրանից 0,6 %ը՝ ծայրահեղ աղքատ:

Քանի որ Արսեն Թորոսյանի հայտարարությունը հիմնված է վիճակագրության վրա, անհրաժեշտ է հիշել, որ վիճակագրության մեջ առանցքային դեր ունի մեթոդաբանությունը, այսինքն՝ ինչպես են տվյալները հավաքվել ու մշակվել:

Հայաստանում աղքատությունը գնահատվում է 1996 թվականից: Գնահատման մեթոդաբանությունը մշակված է Համաշխարհային բանկի (ՀԲ) կողմից: 1996-ին ներդրվելուց հետո մեթոդաբանությունը վերանայվել, կատարելագործվել է 2004, 2009 եւ 2019 թթ.: Այսինքն՝ 2024 թվականի պատկերը ներկայացնող զեկույցի հիմքում դրված է 2019 թ. մեթոդաբանությունը:

Աղքատությունը գնահատելիս կիրառվում են աղքատության գծերը։ Մասնավորապես՝ ծայրահեղ աղքատ են գնահատվում այն տնային տնտեսությունները, որոնցում սպառումը մեկ չափահաս անձի հաշվով ցածր է պարենային գծից (2024-ին պարենային կամ ծայրահեղ աղքատության գիծը եղել է ամսական 29.196 դրամը): Այսինքն՝ այն տնային տնտեսությունները, որոնցում մեկ չափահասի ամսական սպառումը եղել է 29.196 դրամից ցածր, գնահատվել են ծայրահեղ աղքատ: 2024-ի տվյալներով՝ ծայրահեղ աղքատ է ՀՀ բնակչության 0,6 % ը:

Չափավոր աղքատ են համարվում այն տնային տնտեսությունները, որոնցում մեկ չափահաս անձի սպառումը ցածր է աղքատության ստորին գծից (2024-ի դրությամբ՝ ամսական 42.680 դրամ): 2024 թ. չափավոր աղքատ է եղել բնակչության 8,4 %-ը:

Գոյություն ունի նաև աղքատության վերին գիծ (2024 թ. ամսական սպառումը մեկ չափահասի հաշվով՝ 64.162 դրամ): 2024-ին աղքատության վերին գծից ցածր սպառում է ունեցել բնակչության 40,2 %-ը:

Բայց կա նաև աղքատության միջին գիծ, որը ստորին ու վերին գծերի միջինն է (2024 թ. ամսական սպառումը մեկ չափահասի հաշվով՝ 53.420 դրամ): 2024-ին ՀՀ-ում աղքատության մակարդակը ըստ միջին գծի եղել է 21,7 %:

Աղքատության մասին խոսելիս շատ դեպքերում առանձնացվում են աղքատությունն ըստ միջին գծի (աղքատության միջին մակարդակ) և պարենային/ծայրահեղ աղքատությունը:

Եթե Ա. Թորոսյանը խոսում է ծայրահեղ աղքատության վերացմանը մոտենալու և աղքատության (ըստ էության, նկատի է ունեցել աղքատությունն ըստ միջին գծի) էական կրճատման մասին, ապա պետք է դիտարկել, թե ինչպիսի դինամիկա, շարժ է եղել նախորդ տարիների համեմատ:

Այդ շարժի մասին 2025 թ. նոյեմբերի 11-ին խոսել է հենց նախարար Թորոսյանը, որը հայտարարել էր, թե 2024-ին աղքատության ցուցանիշը 2023-ի համեմատ նվազել է 2 տոկոսային կետով՝ 23,7-ից իջնելով 21,7: «Ծայրահեղ աղքատության առումով եւս ռեկորդային ցածր ցուցանիշ ունենք՝ 0,6 %՝ 2023-ին գրանցված 1,1 %-ի համեմատությամբ. նվազումը՝ 0,5 տոկոսային կետ»,- աշնանը «Ֆեյսբուք» սոցցանցում գրել էր Թորոսյանը:

Բայց նախարարը այս դինամիկան ներկայացնելիս անտեսել էր նույն Վիճկոմի պարզաբանումն այն մասին, որ 2024-ի տվյալները համադրելի չեն 2022 և 2023 թթ. համապատասխան ցուցանիշների հետ: Այսինքն՝ Վիճկոմը հայտարարել է, որ սխալ է 2024-ի ու, օրինակ, 2023-ի ցուցանիշների համեմատությունը, քանի որ 2024-ին կատարվել են ճշգրտումներ:

Առանց համադրելու նշենք, որ 2023-ին վերաբերող զեկույցում ծայրահեղ/պարենային աղքատությունը գնահատվել է 1,1 %, աղքատությունն ըստ միջին գծի՝ 23,7 %, իսկ 2022-ի վերաբերյալ զեկույցում ծայրահեղ/պարենային աղքատությունը գնահատվել է 1,2 %, աղքատությունն ըստ միջին գծի՝ 24,8 %:

Վիճկոմը խոստացել էր իր՝ աղքատության ավելի ընդարձակ զեկույցում ներկայացնել նաև 2022-2023 թթ. վերանայված ցուցանիշները, որոնք, փաստորեն, հնարավոր կլիներ համեմատել 2024-ի տվյալների հետ: Բայց ընդարձակ զեկույցում Վիճակագրական կոմիտեն նշել է, որ 2022-2023 թթ. աղքատության ցուցանիշները 2024 թ. տվյալների հետ համադրելի դարձնելու նպատակով վերանայումներ իրականացնելը, ըստ Համաշխարհային բանկի Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանի Աղքատության և հավասարության գլոբալ պրակտիկայի թիմի դիրքորոշման, քիչ հավանական են: Ելնելով սրանից՝ Վիճկոմը 2022-2023 թթ. ցուցանիշների վերանայում չի կատարել:

Ընդ որում՝ ՀԲ թիմը 2025-ի նոյեմբերին արած իր մեկնաբանության մեջ ընդգծել է. «Սպառողները պետք է պաշտոնապես զգուշացվեն՝ 2022-2023 և 2024 թթ. միջև տեղաշարժերը որպես համադրելի միտումներ մեկնաբանելուց խուսափելու համար»:

Այնուամենայնիվ 2024-ի տվյալները  կարելի է  համեմատել 2021-ի հետ՝ որպես վերջին հաստատուն տվյալ, բայց այն հաշվարկված է բնակչության բավական հին տվյալներով, որոնց հիմքում 2011-ի մարդահամարն է։ Ասվածը, բնականաբար, չի նշանակում, թե ծայրահեղ կամ միջին մակարդակի աղքատության անկումը պետք է բացառել, սակայն սխալ և մանիպուլացնող է դինամիկա ցույց տալը՝ օգտագործելով ոչ համադրելի տվյալներ։ 



Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Leave a Comment