Ալեքսանյան․ Իշխանություններն ամիսներ շարունակ կռիվ էին տալիս Սամվել Կարապետյանի նկարի հետ, հիմա՝ անվան

Ալեքսանյան․ Իշխանություններն ամիսներ շարունակ կռիվ էին տալիս Սամվել Կարապետյանի նկարի հետ, հիմա՝ անվան

7 ապրիլի 2026 – 18:41 AMT

PanARMENIAN.Net – ԱԺ-ում փորձում են օրենք ընդունել և փոխել Ընտրական օրենսգիրքը, որպեսզի արգելեն Սամվել Կարապետյանի անվան կիրառումը, հայտարարել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության խորհրդի անդամ Ալիկ Ալեքսանյանը հրատապ ճեպազրույցում:

«Դա խոսում է նրա մասին, որ իշխանականները երկար ժամանակ է՝ ապրում են վախի մթնոլորտում, ամիսներ շարունակ կռիվ էին տալիս Սամվել Կարապետյանի նկարի հետ՝ բառիս բուն իմաստով, իսկ հիմա անվան հետ են կռիվ տալիս», – նշել է նա, հայտնում է Aysor.am-ը:

Ալեքսանյանը նաև ընդգծել է, որ, իր կարծիքով, իշխանությունները տարբեր միջոցներով փորձել են ազդեցություն ունենալ հանրության վրա։

«Փաշինյանն ինչով ասես փորձում է վախեցնել ժողովրդին. էլ պատերազմով, ապօրինի կալանավորումներով. ով թթու խոսք է ասում, կամ ինչ-որ շարժում է անում, կալանավորում, տանում են»,-ասել է նա:

Փաստաբան Արամ Վարդևանյանն ԱԺ շենքի դիմաց կայացած ասուլիսում անդրադարձել է ընտրական օրենսգրքում նախաձեռնված փոփոխություններին՝ դրանք գնահատելով որպես վախի դրսևորում, հայտնում է Panorama.am-ը:

«Սա պրիմիտիվ վախի դրսևորում է»,- հայտարարել է նա։

Նա նշել է, որ Հայաստանի գործադիր մարմնի այժմյան ղեկավարը վերջերս հաճախ է խոսում ուժեղ տղեքի մասին։

«Բա ուժեղ տղերքն արդյո՞ք քաղաքական հայտ ներկայացնելուց մի քանի օր հետո հրատապ կերպով Ընտրական օերնսգրքի փոփոխություն են անում՝ զուտ Սամվել Կարապետյանի անունն ու ազգանունը դաշինքի անվան մեջ չօգտագործելու համար։ Սա վախեցած, նույնիսկ շատ վախեցած իշխանության գործողություններ են»,- հայտարարել է Արամ Վարդևանյանը։

Փաստաբանը հիշեցրել է, որ ամիսներ առաջ իրավապահները պայքարել են նաև Սամվել Կարապետյանի լուսանկարների տարածման դեմ։

«Այն աստիճան ապօրինություն է տեղի ունենում, որի նախադեպը չի եղել։ Պայքարել անվան դեմ, իսկապես, նորարարություն է։ Ես չեմ պատկերացնում եվրոպական մի երկիր, որտեղ ԿԸՀ փաստաթղթերը ներկայացնելու ժամեր առաջ, այո, կարող եմ նաև այս ձևակերպումն օգտագործել, նման փոփոխություն անեն։ Այս ամենը խոսում է մի բանի մասին, որ փոփոխությունները գալիս են»,- ասել է նա։

Փաստաբանն ուշադրությունը հրավիրել է նաև այն փաստին, որ նախագծում նշել են, որ փոփոխություններն ուժի մեջ են մտնում ընդունելուց անմիջապես հետո, ինչպես օրինակ, լինում է պատերազմական, արտակարգ իրավիճակներում։

ԱԺ-ի դիմաց հրավիրված ասուլիսի ընթացքում «Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամ, իրավապաշտպան Գոհար Մելոյանը ևս անդրադարձել է Ընտրական օրենսգրքում առաջարկվող փոփոխություններին՝ ընդգծելով, որ դրանք սպառնացել են Հայաստանի իրավական հիմքերին, հայտնում է Sputnik Արմենիան:

Նա հիշեցրել է, որ մարտի 31-ին Սամվել Կարապետյանի թիմը հայտարարել է ընտրություններին մասնակցելու մասին «Ուժեղ Հայաստան Սամվել Կարապետյանի հետ» դաշինքով, մինչդեռ այժմ Ազգային ժողովում նախաձեռնվել է արտահերթ նիստ՝ նույն օրենսգրքում փոփոխություններ կատարելու նպատակով, որոնցով նախատեսվել է արգելել անձնանունների օգտագործումը կուսակցությունների և դաշինքների անվանումներում։

Մելոյանը նշել է, որ նման քայլերը հակասում են ինչպես միջազգային, այնպես էլ ներպետական նորմերին՝ ընդգծելով Վենետիկի հանձնաժողովի և այլ կարգավորումների կարևորությունը։

«Սկզբունքներից կենտրոնականը հավասարության սկզբունքն է, այսինքն՝ Ընտրական օրենսգրքում պետք է երաշխավորվի ընտրությանը մասնակցող բոլոր քաղաքական ուժերի հավասարությունը: Սակայն նրանք նախագիծ են բերում մեկ օր առաջ՝ փորձելով արգելել Սամվել Կարապետյանի անվան կիրառումն այս անվան մեջ: Դաշինքը ոչ միայն ստորագրված է հուշագրով, այլև մինչև նախագծի հրապարակումն արդեն ԿԸՀ մուտք էր արել դիմում, որ էլեկտրոնային հաշիվ բացվի ու կարողանանք օգտահաշիվ ստանալ: Այսինքն՝ նաև արդեն իրավական ընթացակարգեր են մեկնարկել ԿԸՀ-ի հետ»,- ասել է նա։

Նրա խոսքով՝ անհրաժեշտ է եղել ապահովել հանրային քննարկումներ և մասնագիտական շրջանակների ներգրավվածություն, ինչը, ըստ նրա, չի իրականացվել։

«Նման օրենսդրական փոփոխություն իրականացնելու համար ՀՀ միջազգային պարտավորությունից բխում են առնվազն հանրային լսումներ, մասնագիտական համայնքի ներառվածություն և քննարկումներ: Սա ամրագրված է նաև ՀՀ «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքով, իսկ Վենետիկի հանձնաժողովն իր հերթին ասում է, որ բովանդակային միջամտությունները ընտրական պրոցեսից առաջ թույլատրելի չեն, այսինքն՝ չես կարող ընտրություններից առաջ խաղի կանոն փոխել»,- շարունակել է Մելոյանը։

Հայաստանում հերթական խորհրդարանական ընտրությունները նախատեսվել են 2026 թվականի հունիսի 7-ին։

Արդեն հայտարարվել է, որ ընտրություններին մասնակցելու են մի շարք քաղաքական ուժեր և գործիչներ՝ Ռոբերտ Քոչարյանը, Հայկ Մարությանը՝ «Նոր ուժ» կուսակցությամբ, ՀԱԿ-ը՝ Լևոն Զուրաբյանի վարչապետի թեկնածությամբ, ինչպես նաև «Հանրապետություն» կուսակցությունը՝ Արամ Սարգսյանի ղեկավարությամբ։ «Ուժեղ Հայաստան» կուսակցությունը պատրաստվում է մասնակցել «Ուժեղ Հայաստան Սամվել Կարապետյանի հետ» դաշինքով, իսկ ԲՀԿ-ն, Գագիկ Ծառուկյանի գլխավորությամբ, ներկայացրել է «Առաջարկ Հայաստանին» ծրագիրը։ Նշվել է նաև, որ «ՀայաՔվե» ազգային քաղաքացիական միավորումն ու «Միասնության թևեր» քաղաքական նախաձեռնությունը մասնակցելու են միասին։

Leave a Comment