ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունել է դաշինքների անվանումներում անձնանունների կիրառումն արգելելու նախագիծը

ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունել է դաշինքների անվանումներում անձնանունների կիրառումն արգելելու նախագիծը

7 ապրիլի 2026 – 18:46 AMT

PanARMENIAN.NetԱզգային ժողովն առաջին ընթերցմամբ ընդունել է ընտրական օրենսգրքում փոփոխություններ նախատեսող օրինագիծը, որով առաջարկվում է արգելել կուսակցությունների դաշինքների անվանումներում անձնանունների օգտագործումը։

Նախաձեռնությանը կողմ է քվեարկել 66 պատգամավոր, իսկ դեմ՝ 16, հայտնում է Արմենպրեսը:

Օրինագիծը խորհրդարանին ներկայացրել է «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արուսյակ Ջուլհակյանը՝ համահեղինակությամբ պատգամավոր Ալխաս Ղազարյանի։

Առաջարկվող փոփոխություններով սահմանվում է, որ կուսակցությունների դաշինքների անվանումները չեն կարող պարունակել անձնանուններ, ինչպես նաև պետական և տեղական ինքնակառավարման մարմինների անուններ կամ դրանց հետ շփոթ առաջացնող ձևակերպումներ։ Միաժամանակ նախատեսվում է, որ դաշինքների անվանումներում չեն կարող ընդգրկվել վիրավորական կամ զրպարտչական բնույթի բառեր կամ արտահայտություններ։

Նախագծով նաև առաջարկվել է սահմանել, որ Ազգային ժողովի և համայնքների ավագանիների համամասնական ընտրակարգով ընտրությունների դեպքում քվեաթերթիկը կհամարվի անվավեր, եթե ծրարում, բացի քվեաթերթիկից, առկա լինի որևէ այլ առարկա։ Գործող կարգավորման պայմաններում նման դեպքերում քվեաթերթիկը անվավեր չի ճանաչվում։

Օրենսդրական նախաձեռնությամբ նախատեսվում է նաև, որ ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի նախագահը քվեատուփից ծրարը հանելու և քվեաթերթիկը դուրս բերելու ընթացքում իրավունք չի ունենա ձեռքում պահել այլ իր։

Նախագծի քննարկման ընթացքում Ազգային ժողովի շենքի դիմաց բողոքի ակցիա են իրականացրել «Ուժեղ Հայաստան» կուսակցության ներկայացուցիչները, որոնք օրեր առաջ հայտարարել են խորհրդարանական առաջիկա ընտրություններին «Ուժեղ Հայաստան Սամվել Կարապետյանի հետ» դաշինքով մասնակցելու մասին։ Նրանք պնդել են, որ չի կարելի նման կարևոր փոփոխություններ իրականացնել այն պայմաններում, երբ ընտրություններին մնացել է ընդամենը երկու ամիս։ «Ուժեղ Հայաստան» կուսակցության ներկայացուցիչները նաև նշել են, որ նախագիծը հակաժողովրդավարական է։

Նախաձեռնությանը դեմ են արտահայտվել նաև խորհրդարանական ընդդիմադիր «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունները՝ ընդգծելով, որ ընտրություններից կարճ ժամանակ առաջ «խաղի կանոնները» փոխելը անթույլատրելի է։

Նախագծի հեղինակ Արուսյակ Ջուլհակյանը, անդրադառնալով ընդդիմադիրների քննադատություններին, նշել է, որ ընտրություններից առաջ փոփոխություններ չկատարելու վերաբերյալ Վենետիկի հանձնաժողովը տվել է ռեկոմենդացիա, որի համաձայն՝ խորհուրդ չի տրվում կարճ ժամանակահատվածում փոփոխել ընտրակարգը, ընտրական հանձնաժողովների կազմավորման կարգը և ընտրատարածքների սահմանները։ Ջուլհակյանը շեշտել է, որ իրենց առաջարկած փոփոխությունը տեխնիկական բնույթ է կրում և չի վերաբերում նշված երեք ուղղություններից որևէ մեկին։

ԱԺ-ում փորձում են օրենք ընդունել և փոխել Ընտրական օրենսգիրքը, որպեսզի արգելեն Սամվել Կարապետյանի անվան կիրառումը, հայտարարել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության խորհրդի անդամ Ալիկ Ալեքսանյանը հրատապ ճեպազրույցում:

«Դա խոսում է նրա մասին, որ իշխանականները երկար ժամանակ է՝ ապրում են վախի մթնոլորտում, ամիսներ շարունակ կռիվ էին տալիս Սամվել Կարապետյանի նկարի հետ՝ բառիս բուն իմաստով, իսկ հիմա անվան հետ են կռիվ տալիս», – նշել է նա:

Leave a Comment