Հայաստանն ու Հնդկաստանը կհամագործակցեն հանրային ֆինանսների կառավարման ոլորտում

Հայաստանն ու Հնդկաստանը կհամագործակցեն հանրային ֆինանսների կառավարման ոլորտում։ Ինչպես հայտնում են ՀՀ ֆինանսների նախարարության մամուլի ծառայությունից, նախարար Վահե Հովհաննիսյանն այս մասին խոսել է ՀՀ-ում Հնդկաստանի արտակարգ և լիազոր դեսպան տիկին Նիլակշի Սահա Սինհայի հետ հանդիպման ժամանակ:

Ըստ հաղորդագրության` երկու երկրների ֆինանսների նախարարությունների միջև նախատեսվում է կնքել հուշագիր, որը նպատակաուղղված է պետական ֆինանսական համակարգերի արդյունավետության բարձրացմանը։

«Հուշագիրը նախատեսում է գիտելիքի ու փորձի փոխանակում բյուջետավորման, ներքին աուդիտի և ոլորտի թվային տրանսֆորմացիայի ուղղություններով»,- հայտնում են գերատեսչությունից։

Նախարար Վահե Հովհաննիսյանը և դեսպան Նիլակշի Սահա Սինհան քննարկել են երկկողմ տնտեսական համագործակցության ընդլայնման հեռանկարները՝ հաշվի առնելով առևտրաշրջանառության ծավալների աճի դրական դինամիկան:

Հանդիպման ընթացքում վերահաստատվել է երկու երկրների միջև բարեկամական ու փոխշահավետ կապերի ամրապնդման կարևորությունը, որը ՀՀ կառավարության ծրագրով ամրագրված առաջնահերթություններից է։

Leave a Comment