7 ապրիլի 2026 – 17:45 AMT
PanARMENIAN.Net – Դիարբեքիրի 22-րդ քրեական դատարանում տեղի է ունեցել կինոռեժիսոր Ռոջհիլաթ Աքսոյի դեմ հարուցված գործով երկրորդ դատական նիստը, որտեղ նրան մեղադրանք էր ներկայացվել Թուրքիայի քրեական օրենսգրքի 301-րդ հոդվածով՝ Իննա Սահակյանի «Ավրորայի լուսաբացը» (2022) ֆիլմի ցուցադրման պատճառով, հայտնում է Factor.am-ը:
Դատարանը նրան արդարացրել է:
Ըստ Մեդիայի և իրավունքի ուսումնասիրությունների ասոցիացիայի (MLSA)՝ նիստը մեկնարկել է մոտ կես ժամ ուշացումով՝ պայմանավորված մեծ թվով ներկաներով։ Դատախազը ներկայացրել է իր վերջնական դիրքորոշումը՝ պահանջելով Աքսոյին ենթարկել պատասխանատվության։
Այնուհետև մեղադրյալի պաշտպան Ֆիրաթ Յըլդըզը հանդես է եկել հայտարարությամբ՝ նշելով, որ չեն ընդունում ներկայացված եզրակացությունը և պահանջում են իր պաշտպանյալի արդարացումը։ Նա շեշտել է, որ նման դատական գործընթացները սահմանափակում են խոսքի ազատությունը և ճնշում են արվեստի ոլորտը։ Յըլդըզը նաև ընդգծել է, որ իր վստահորդը ֆիլմի ռեժիսորը չի եղել, այլ մասնակցել է միայն ցուցադրման կազմակերպմանը:
«Նույնիսկ եթե նա ռեժիսորը լիներ, սա պետք է դիտարկել խոսքի ազատության շրջանակներում: Մարդու իրավունքների եվրոպական դատարանն ունի նախադեպեր այս հարցի վերաբերյալ: Կան որոշումներ, որոնցով անհատներ և հաստատություններ, այդ թվում՝ Դիարբեքիրի փաստաբանական ասոցիացիան, որոնք հետապնդվել էին 1915 թվականի իրադարձությունների մասին տեղեկատվություն տարածելու համար, արդարացվել են»,-ասել է նա:
Ի վերջո դատարանը կայացրել է արդարացման վճիռ՝ Ռոջհիլաթ Աքսոյի նկատմամբ։
Դիարբեքիրի գլխավոր դատախազությունն ավելի վաղ դատական հայց է ներկայացրել Մերձավոր Արևելքի կինոակադեմիայի ասոցիացիայի այն ժամանակվա փոխնախագահ Աքսոյի դեմ՝ նույն հոդվածով՝ ֆիլմի ցուցադրման համար։ Մեղադրական կողմը, հղում անելով 2024 թվականի դեկտեմբերի 17-ին Սեզաի Քարաքոչ մշակութային կենտրոնում տեղի ունեցած ցուցադրության ընթացքում հնչեցված հայտարարություններին, պահանջել է, որ ցուցադրությունը նախաձեռնած Աքսոյը պատժվի «թուրք ազգին, Թուրքիայի Հանրապետությանը, Թուրքիայի Ազգային մեծ ժողովին, Թուրքիայի Հանրապետության կառավարությանը և պետության դատական մարմիններին հրապարակայնորեն վիրավորելու» համար։