Ծիծեռնակաբերդի հուշահամալիրը ապրիլի 24–ին պատրաստ կլինի. Ժաննա Անդրեասյան

Ինչպես նախատեսված է, ապրիլի 24-ին Ծիծեռնակաբերդի հուշահամալիր-ում իրականացվող բոլոր աշխատանքները ավարտված կլինեն։ Այս մասին ապրիլի 7-ին Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում հայտնել է ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը։

«Եթե ձեզ հետաքրքրում է, թե ինչ վիճակում է այժմ հուշահամալիրը, այն բաց է և որևէ օր չի փակվել։ Կարող եք այցելել և տեսնել, որ աշխատանքներն արդեն ավարտական փուլում են։ Առաջիկայում կավարտվեն նաև տարածքի բարեկարգման հետ կապված աշխատանքները»,- նշել է նա։

Անդրադառնալով ապրիլի 24-ի միջոցառումներին՝ նախարարը նշել է, որ այդ հարցն իր անմիջական իրավասությունների շրջանակում չէ։

«Այդ օրվա կազմակերպչական հարցերով զբաղվողներից պետք է հետաքրքրվել։ Սակայն հուշահամալիրի և թանգարանի հետ կապված աշխատանքները ընթանում են բնականոն։ Ապրիլի 23-ին նախատեսվում է նաև նոր ցուցադրության բացում թանգարանում, կարող եք այցելել և տեսնել»,- հավելել է Անդրեասյանը։

Leave a Comment