Իրանը այլևս զսպվածություն չի ցուցաբերի. ԻՀՊԿ

Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (ԻՀՊԿ) հայտարարել է, որ այլևս զսպվածություն չի ցուցաբերի  և հարվածներ կհասցնի Մերձավոր Արևելքում ԱՄՆ-ի և նրա դաշնակիցների էներգետիկ ենթակառուցվածքներին:

ԻՀՊԿ մամուլի ծառայության փոխանցմամբ՝ այս որոշումը պայմանավորված է ԱՄՆ-ի և Իսրայելի կողմից Իրանի էներգետիկ օբյեկտների վրա իրականացված հարձակումներով։ 

«Համբերությունը սպառվել է։ Մենք կհարվածենք Միացյալ Նահանգների և նրա դաշնակիցների ենթակառուցվածքներին այնպես, որ նրանք երկար տարիներ զրկվեն տարածաշրջանային նավթից և գազից»,– նշված է հայտարարությունում։

Կորպուսը նաև ընդգծել է, որ մինչ այժմ պատասխան թիրախներ ընտրելիս ցուցաբերված զսպվածությունը պայմանավորված էր բարիդրացիական հարաբերություններով և որոշ սահմանափակումներով։ Սակայն այժմ, ըստ ռազմական կառույցի, այդ բոլոր սահմանափակումները վերացվել են։

ԻՀՊԿ-ն զգուշացրել է, որ ԱՄՆ-ի տարածաշրջանային գործընկերները նույնպես պետք է հաշվի առնեն այս փոփոխությունը, քանի որ հետագա պատասխան գործողությունները կարող են ուղղված լինել նաև նրանց ենթակառուցվածքների դեմ։

Leave a Comment