ՀՀ վարչական դատարանը, դատավոր Լուսինե Բոյաջյանի նախագահությամբ, տարօրինակ որոշում է կայացրել (ՎԴ/9350/05/24): Դատական ակտով պարտավորեցրել է Երևան համայնքին նախագծման թույլտվություն տալ՝ հիմնվելով սևագիր փաստաթղթերի վրա։
Radar Armenia-ին հայտնի դարձավ, որ դատավոր Բոյաջյանը պարտավորեցրել է Երևան համայնքին Արագածի փողոց հ․4 հասցեում (Երևանյան լճի հարավային հատվածում) տրամադրել մինչև 20 վերգետնյա հարկերով բնակելի համալիրի կառուցման նպատակով նախագծման թույլտվություն։
Բայց սա ամբողջը չէ. այս որոշումը դատարանը կայացրել է՝ հիմնվելով ուժի մեջ չմտած փաստաթղթերի, մասնավորապես, ավագանու նիստի՝ չհաստատված նախագծի ու դրա հիմքում եղած սևագրերի վրա։
Եվս մեկ տարօրինակ փաստ. այդ հողամասը ներառված էր արդյունաբերական օբյեկտների կառուցապատման գոտում, հետևապես այդ տարածքում բնակելի համալիր չի կարող կառուցվել, ուստի դրան նախագծման թույլտվություն տալուց առաջ պետք էր փոխել հողամասի նպատակային և գործառնական նշանակությունները։ Այդ փոփոխություններն էլ բյուրոկրատական կոնկրետ ընթացակարգերով պետք է անցնեին, այդ թվում՝ ավագանու որոշում, քաղաքապետի որոշում։
Հատկանշական է, որ Երևանի քաղաքապետարանը դեմ է եղել ծրագրին՝ նաև նկատի ունենալով այն, որ Երևանի Գլխավոր հատակագծով Երևանյան լճի շրջակայքում պետք է լինեն կանաչապատ տարածքներ՝ առանց կառուցապատումների և բարձրահարկ համալիրների։ Հետևապես այս ծրագրի իրականացման պարագայում ոչ միայն կարող է խաթարվել քաղաքի Գլխավոր հատակագծի սահմանած տրամաբանությունը, այլև Երևանյան լճի շրջակա հատվածի ճարտարապետական տեսքը։
Երևանին նման ծրագիր պարտադրելու որոշում կայացրած դատավոր Լուսինե Բոյաջյանը բուհն ավարտելուց հետո 2007-2022թթ. աշխատել է դատավորի օգնական, իրավաբան և միայն 2023թ. մայիսի 8-ից է նշանակվել այս պաշտոնում։
