Ընտրական օրենսգրքում առաջարկվող փոփոխությունների ընդունումը պայմանավորված է ընտրական գործընթացներում գործնականում առաջացած խնդիրների հաղթահարման, ինչպես նաեւ դրանց նկատմամբ արդյունավետ վերահսկողություն իրականացնելու, ընտրական գործընթացը պատշաճ կազմակերպելու եւ անցկացնելու անհրաժեշտությամբ: Այս մասին ԱԺ արտահերթ նիստում հայտնել է «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արուսյակ Ջուլհակյանը՝ ներկայացնելով իր, խմբակցության պատգամավորներ Ալխաս Ղազարյանի եւ Արթուր Հովհաննիսյանի հեղինակած լրացումներն ու փոփոխությունները ՀՀ ընտրական օրենսգրքում:
Զեկուցողը նշել է, որ 2021 թվականի մայիսի 7-ին օրենսդրական փոփոխություններով սահմանվեց, որ Ազգային ժողովի եւ համամասնական ընտրակարգով անցկացվող՝ համայնքի ավագանու ընտրությունների դեպքում սահմանված նմուշի քվեաթերթիկն անվավեր է, եթե ներառում է որեւէ գրառում կամ նշում, կամ ծրարում, քվեաթերթիկից բացի, առկա է այլ իր: 2024 թվականի դեկտեմբերի 5-ի օրենսդրական փոփոխություններով քվեաթերթիկն անվավեր ճանաչելու հիմքերից հանվեց քվեաթերթիկից բացի ծրարում այլ իր առկա լինելու վերաբերյալ դրույթը, որը գործնականում կարող է բերել ընտրողի գաղտնի քվեարկության իրավունքի խախտմանը: Օրինակ՝ կարող է առաջանալ իրավիճակ, երբ ընտրակաշառք ստացողից կարող են պահանջել իրեն բացահայտող որեւէ թղթի կտոր դնել ծրարի մեջ, օրինակ՝ հերթական համարով, որը հայտնի է միայն վճարողին: Բացի այդ, ծրարում սահմանված նմուշի քվեաթերթիկից բացի ցանկացած այլ իրի առկայության վերաբերյալ դրույթը՝ որպես քվեաթերթիկն անվավեր ճանաչելու հիմք նախատեսելը, կարող է հանդիսանալ ընտրակաշառք ստացածների վերահսկողության գործիքներից մեկը:
2024 թվականի սեպտեմբերի 26-ին Ազգային ժողովի քննարկմանը ներկայացված ՀՀ ընտրական օրենսգրքում եւ հարակից օրենքներում փոփոխությունների փաթեթով առաջարկվել էր նաեւ փոփոխություն օրենսգրքի 81-րդ հոդվածի 2-րդ մասում՝ հանելով դրա երկրորդ նախադասությունը: Նշված փոփոխության նպատակը կուսակցությունների դաշինքի անվանման ներքո փակագծերում դաշինքի անդամ բոլոր կուսակցությունների անվանումները նշված լինելու մասով պահանջի վերացումն էր: Արուսյակ Ջուլհակյանի խոսքով այդ պահանջը կրում է զուտ տեխնիկական բնույթ եւ վերաբերում է միայն տեղեկատվության ներկայացման ձեւաչափին, այլ ոչ թե ընտրական իրավունքի իրացման բովանդակային պայմաններին: Զեկուցողը հավելել է, որ նախագծի առաջինից երկրորդ ընթերցում քննարկման ընթացքում կատարված խմբագրական փոփոխությունների արդյունքում նախագծի վերջնական տարբերակում «նախադասություն» բառի փոխարեն օգտագործվել է «պարբերություն» եզրույթը: Արդյունքում, գործող խմբագրմամբ ստացվել է, որ ուժը կորցրած է ճանաչվել ոչ թե 81-րդ հոդվածի 2-րդ մասի երկրորդ նախադասությունը, այլ դրա երկրորդ պարբերությունը:
Օրենսգրքի 81-րդ հոդվածի 2-րդ մասի երկրորդ պարբերությամբ սահմանվում էր, որ կուսակցությունների դաշինքի անվանումը չի կարող պարունակել անձնանուն, պետական եւ տեղական ինքնակառավարման մարմինների անվանումներ կամ դրանց շփոթելու աստիճանի նման անվանումներ եւ (կամ) դրանց հոլովաձեւեր, ինչպես նաեւ չի կարող պարունակել վիրավորական կամ զրպարտչական բնույթի բառեր կամ այլ արտահայտություններ: Միաժամանակ, oրենսգրքի 129-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ համամասնական ընտրակարգով համայնքի ավագանու անդամի թեկնածուների առաջադրման դեպքում նախատեսված է նույնաբովանդակ կարգավորում: Օրենսգրքում նախորդ փոփոխությունների ընթացքում այդ դրույթները ներդրվել են միասնական հիմնավորմամբ եւ նույն նպատակներով: Հետեւաբար, եթե առկա լիներ քաղաքական կամ իրավական նպատակադրություն՝ վերացնելու տվյալ սահմանափակումները, անհրաժեշտ կլիներ համապատասխան փոփոխություններ կատարել նաեւ օրենսգրքի 129-րդ հոդվածում, ինչպես նաեւ հարակից իրավական ակտերում:
Ըստ Արուսյակ Ջուլհակյանի՝ նշված սահմանափակումները կրում են բովանդակային եւ սկզբունքային նշանակություն: Դրանք նաեւ համահունչ են քաղաքական կուսակցությունների անվանման նկատմամբ գործող սահմանափակումներին, որոնք սահմանված են «Կուսակցությունների մասին» սահմանադրական օրենքի 14-րդ հոդվածով: Այս հանգամանքը եւս վկայում է համապատասխան կարգավորումների պահպանման համակարգային անհրաժեշտության մասին: Պատգամավորը նշել է, որ հաշվի առնելով, որ կուսակցությունների դաշինքները հանդիսանում են նույն քաղաքական սուբյեկտների համագործակցության ձեւ, որոնք իրենց գործունեությամբ եւ նպատակներով ներգրավված են նույն քաղաքական-իրավական հարաբերություններում՝ տրամաբանական եւ իրավաչափ է, որ նրանց անվանման նկատմամբ կիրառվեն նույնատիպ սահմանափակումներ: Այս առումով, զեկուցողի խոսքով, օրենսգրքի համապատասխան դրույթները չեն հանդիսանում ինքնուրույն կամ առանձնացված կարգավորումներ, այլ ներդաշնակորեն լրացնում են արդեն գործող սահմանադրական օրենքի պահանջները՝ ապահովելով իրավակարգավորման համակարգայնությունը:
Արուսյակ Ջուլհակյանը հավելել է, որ նախագծերի փաթեթի հիմնավորման մեջ, ինչպես նաեւ Ազգային ժողովում դրա քննարկումների ընթացքում, որեւէ ձեւաչափով չի նշվել, որ նախատեսվում է վերացնել կուսակցությունների դաշինքների անվանման նկատմամբ գործող սահմանափակումները: Ընդհակառակը, քննարկումների ամբողջ տրամաբանությունից ակնհայտ է, որ նպատակը բացառապես տեխնիկական բնույթի դրույթի վերացումն է:
Օրենսգրքի 81-րդ հոդվածի 2-րդ մասի երկրորդ պարբերության ուժը կորցրած ճանաչումը, ըստ հիմնավորման, պետք է գնահատել տեխնիկական վրիպակ, որն անհրաժեշտ է շտկել՝ իրավական սահմանված ընթացակարգով:
Հարակից զեկույցում ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Գեւորգ Քոչարյանն անդրադարձել է առաջարկված կարգավորումներին եւ պարզաբանումներ ներկայացրել:
Ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության պատգամավորներն ընտրություններից երկու ամիս առաջ Ընտրական օրենսգրքում անգամ տեխնիկական վրիպակի հարցում փոփոխություն կատարելն անընդունելի եւ հակաօրինական են համարել: Տեսակետ է հնչել, որ այդ փոփոխությունները վրիպակը շտկելու խնդիր չեն լուծում, այլ քաղաքական են եւ բովանդակային:
Իշխող ուժը ներկայացնող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորները չեն համաձայնել հնչող այն տեսակետի հետ, որ, իբր, ժողովրդավարության հետընթաց է առաջարկվում: Ընդգծվել է, որ ժողովրդավարության հետընթաց չի լինելու, օրենսդրությունը լավարկվում է հենց այն նպատակով, որ ժողովրդավարությունը կախված չլինի մեկ անձից: Նրանք իրական ժողովրդավարություն են դիտարկել այն իրողությունը, որտեղ ընտրությունն անձերի մասին չէ, այլ ծրագրերի, թիմերի ու իրենց առաջարկի:
Եզրափակիչ ելույթում Արուսյակ Ջուլհակյանը եւս մեկ անգամ ընդգծել է, որ գործող կարգավորումներով քաղաքական ուժերը, այդ թվում՝ ընտրությունների ժամանակ ձեւավորվող կուսակցությունները եւ դաշինքները, չեն կարող իրենց անվանումներում պարունակել անձնանուններ: ԱԺ համամասնական ընտրակարգով անցկացվող ընտրությունների սահմանումից այդ կարգավորումը բացակայում է, եւ այդ տեխնիկական վրիպակն այժմ շտկվում է: «Թույլ չենք տալու օգտագործել ժողովրդավարական գործիքները ժողովրդավարության դեմ պայքարելու համար»,- ընդգծել է օրենքի նախագծի համահեղինակը: