Ցուրտ ճակատի ներխուժմամբ պայմանավորված՝ ամբողջ հանրապետությունում սպասվում են տեղումներ նաև ձյան տեսքով

Հյուսիս-արևմուտքից ցուրտ ճակատի ներխուժմամբ պայմանավորված՝ ապրիլի 9-10-ին ամբողջ հանրապետությունում սպասվում են տեղումներ, տեղեկացնում է ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունը։ 

Մասնավորապես, Շիրակում, Գեղարքունիքում, Լոռիում, Տավուշի նախալեռներում, Կոտայքի, Արագածոտնի և Վայոց ձորի լեռնային շրջաններում տեղումները կլինեն ձյան տեսքով։

«Այդ օրերին նշված հատվածներում կանխատեսվում է ձյան ծածկի ավելացում 20-50 սմ-ով, սպասվում է նաև բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն, ճանապարհներին՝ մերկասառույց»,- հայտնում է գերատեսչությունը։

Նշվում է նաև, որ ապրիլի 8-10-ն առանձին շրջաններում սպասվում է քամու ուժգնացում՝ 24-27 մ/վ արագությամբ։ 

Leave a Comment