Դատարանը վարույթ է ընդունել Դավիթ Մինասյանի փաստաբանների բողոքը – armeniatoday.am

Վերաքննիչ քրեական դատարանը վարույթ է ընդունել եկեղեցում վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ միջադեպի գործով կալանավորված 18-ամյա Դավիթ Մինասյանի փաստաբանների բողոքը, Armenia Today-ը տեղեկացել է Մինասյանի փաստաբան Լուսինե Մարտիրոսյանից։

Նա տեղեկացրել է, որ բողոքով պահանջել են վերացնել Մինասյանի կալանքը կամ կիրառել այլընտրանքային խափանման միջոց։ Փաստաբանը նշել է, որ բողոքի քննության օրը դեռ հայտնի չէ։

«Ակնկալում ենք, որ դատարանը շտապ կարգով քննության կառնի բողոքը»,- նշել է փաստաբանը՝ հավելելով, որ բողոքը մակագրվել է դատավոր Ադրինե Ղուկասյանին։

Փաստաբանը նաև տեղեկացրել է, որ Դավիթի առողջական վիճակը նույնն է՝ նա դեռ գանգատներ և գլխացավ ունի։

Մինասյանի և Փաշինյանի միջև միջադեպ էր տեղի ունեցել մարտի 29-ի պատարագին։ Ըստ տեսանյութերի՝ պատարագի ընթացքում նա Փաշինյանին ասել էր, որ «ինքն ուզում է մեջտեղում կանգնել»։ Արդյունքում՝ քաշքշոց էր սկսվել։ Դեպքի առնչությամբ ձերբակալվել էին Մինասյանը, իր երկվորյակ եղբայրը՝ Միքայել Մինասյանը, և «Համահայկական ճակատ» շարժման հիմնադիր Գևորգ Գևորգյանը, վերջիններիս ազատ էին արձակել՝ գրավի ու բացակայելու արգելքի հիմքով։

Դավիթ Մինասյանին 2 ամսով կալանավորելու որոշում էր կայացվել, նրան ավելի ուշ հիվանդանոց, իսկ հետո «Արմավիր» ՔԿՀ, հետո կրկին հիվանդանոց էին տեղափոխել։ Նրա մայրը՝ Գայանե Մինասյանը, դիմել էր ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանին, խնդրել երաշխավորություն տալ՝ առողջական խնդիրներ ունեցող որդու կալանքը փոխելու համար։

Կարդացեք նաև՝ 

Երևանում եկեղեցու բակից ձերբակալված եղբայրների առողջական վիճակը թույլ չի տալիս գտնվել անազատության մեջ. փաստաբան

Leave a Comment