Ընտրություններին մասնակցող ընդդիմադիր ուժն արդեն հայտարարել է իր անունը ու հանկարծակիորեն ՔՊ-ն օրենք է ներկայացնում, որն արգելում է դա անել. Մամիջանյան






«Այս գործընթացն ինքինին հակաիրավական է»,- ԱԺ արտահերթ նիստում հայտարարեց «Պատիվ ունեմ» խմբակցության  ղեկավար Հայկ Մամիջանյանը՝ նկատի ունենալով ՔՊ-ական պատգամավորների կոմից առաջարկված «ՀՀ Ընտրական օրենսգիրք» սահմանադրական օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին  նախագիծը։

Ըստ նրա, կապ չունի, թե ՔՊ-ականներն ինչ պատճառաբանություն են դրել՝ տեխնիկական, նախադասությունը կեսից ջնջվել է. «Դուք  ընտրական օրենսդրություն եք փոխում ընտրություններից 2 ամիս առաջ»։

«Եթե ինչ-որ մեկն ասում է՝ սա հիմնարար փոփոխություն չէ, լո՞ւրջ եք ասում։ Ընդդիմադիր  ամենամեծ քաղաքական  մասնակցության հայտ ներկայացրած ուժն արդեն հայտարարել է իր անունը ու  հանկարծակիորեն դուք օրենք եք ներկայացնում, որը սահմանափակում  և արգելում է դա անել։ Լո՞ւրջ։

Այստեղ չի կարող քննարկվել այս գործընթացի օրինականությունը։ Նույնիսկ բովանդակության մեջ մտնելու իմաստ չկա։

Նման գործընթացն իրականացնելն անթույլատրելի է»,- ասաց Մամիջանյանը՝ նշելով, որ «Պատիվ ունեմ» խմբակցությունը դեմ է քվեարկելու և նախագծի՝ արտահերթ նիտի օրակարգ մտնելուն, և բուն նախագծին։

Հիշեցնենք, որ արտահերթ նիստում քննարկվում է  ՔՊ-ականեր Արուսյակ Ջուլյակյանի, Ալխաս Ղազարյանի, Արթուր Հովհաննիսյանի նախաձեռնած «ՀՀ Ընտրական օրենսգիրք» սահմանադրական օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին  նախագիծը, որով ի թիվս այլ լրացումների ու փոփոխությունների, նաև առաջարկվում է. «Կուսակցությունների դաշինքի անվանումը չի կարող պարունակել անձնանուն, պետական և տեղական ինքնակառավարման մարմինների անվանումներ կամ դրանց շփոթելու աստիճան նման անվանումներ և (կամ) դրանց հոլովաձեւեր: Կուսակցությունների դաշինքի անվանումը չի կարող պարունակել վիրավորական կամ զրպարտչական բնույթի բառեր կամ այլ արտահայտություններ:»:

Մանրամասն՝ տեսանյութում։
Աղբյուրը` Panorama.am



Leave a Comment