ՌԴ-ն երբեք չի խանգարել ՀՀ-ին այլ ուժային կենտրոնների հետ համագործակցել․ Սամվել Կարապետյան

Ռուսաստանի ներկայությունը տարածաշրջանում երբեք չի խանգարել այլ ուժային կենտրոնների հետ Հայաստանի համագործակցությանը և առևտրին, հայտարարել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության ղեկավար Սամվել Կարապետյանը։

Նրա խոսքով՝ պարզ չէ, թե այս համատեքստում ինչու են իշխանությունները փորձում դուրս մղել ՌԴ-ն տարածաշրջանից։

«Ռուսաստանի հետ են մեր տնտեսական ամենախորը կապերը։ Ռուսաստանն է մեզ էժան գազ մատակարարում, սիրով ընդունում մեր սեզոնային աշխատողներին, գնում մեր գյուղատնտեսական ապրանքների զգալի մասը։ Իսկ եթե դադարեցնի այդ ամենը, ի՞նչ պատասխան եք տալու մեր ժողովրդին, որն ավելի կաղքատանա»,- նշել է Կարապետյանը։

Նրա համոզզմամբ՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին չի հետաքրքրում մարդկանց ճակատագիրը, գրպանի ու սառնարանի պարունակությունը։ Նրա նպատակը «սուտ պատերազմներով» վախեցնելով իշխանության մնալն է։

Կարապետյանի խոսքով՝ հուլիսին իշխանությունների վերընտրվելու դեպքում սպասվում է տնտեսական պատերազմ ՌԴ-ի հետ, իսկ իր իշխանության գալու դեպքում բարեկամական հարաբերություններ կլինեն տարածաշրջանի բոլոր երկրների, ուժային բոլոր կենտրոնների հետ։

Կուսակցության ղեկավարը շեշտել է, որ բարկացած է Փաշինյանի պահվածքից, որն ըստ իրեն, խայտառակվել է Մոսկվայում կայացած հանդիպմանը։ Բացի այդ, ըստ Կարապետյանի, հետևողական քայլերով երկիրը աշխարհաքաղաքական բախման հրապարակ է դարձրել։

ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը ապրիլի 1-ին կայացած Փաշինյան-Պուտին հանդիպման հաջորդ օրը հայտարարել էր Հայաստանում ռուսական բիզնեսի համար առկա ռիսկերի, Երևանի հետ ապրանքաշրջանառության կրճատման և ԵԱՏՄ-ում արտահանման աճի մասին՝ մատնանշելով հայկական իշխանությունների հայտարարությունների և ռուսական ընկերությունների նկատմամբ փաստացի գործողությունների միջև առկա անհամապատասխանությունը։

Leave a Comment