7 ապրիլի 2026 – 11:38 AMT
PanARMENIAN.Net – Տեղահանվածների հիմնական պահանջը հստակ է ու անփոփոխ՝ վերադարձ Արցախ, հայտարարել է Արցախի ԱԺ պատգամավոր Մետաքսե Հակոբյանն՝ անդրադառնալով Արմավիրում արցախցիների հետ անցկացված վերջին հանդիպումը։ Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում:
Նա նշել է, որ սոցիալական խնդիրները, ինչպես և մյուս մարզերում, նույնն են՝ համակարգային և փաստացի անլուծելի:
«Արձանագրում ենք, որ սերտիֆիկատով բնակարան կամ տուն ձեռք բերել հնարավոր չէ, եթե մարդը լրացուցիչ միջոցներ չունի։ Կառուցապատումը գործնականում բացառված է, իսկ բանկ դիմելու դեպքում առաջադրվում է գրավի պահանջ, որն անհաղթահարելի խոչընդոտ է։ Փաստացի փոքր կազմով ընտանիքների բնակարանային հարցը մնում է փակուղում։
Չլուծված է նաև աշխատանքի խնդիրը՝ մնալով արցախցիների առջև կանգնած ամենաբարդ մարտահրավերներից մեկը։ Դրան գումարվում է «քաղաքացիության» պարտադրանքը, որը գործող իշխանությունները ոչ միայն պարտադրել են, այլև միտումնավոր բարդացրել դրա ստացման գործընթացը։
Մեր առաջարկները չեն փոխվում․ այս խնդիրները կարող են լուծում ստանալ միայն այն դեպքում, երբ արցախցիները կդիտարկվեն որպես առանձին սոցիալական խումբ՝ բռնի տեղահանվածներ, և կարիքների գնահատումը կիրականացվի հենց այդ տրամաբանությամբ։
Սակայն սոցիալական խնդիրներից բացի, անթույլատրելի է նաև նախընտրական գործընթացներով արցախցիների պառակտումը։ Առավել ևս, երբ իշխանությունների ճնշումների տակ են հայտնվում հատկապես նրանք, ովքեր աշխատանք ունեն։
Եվ ամենակարևորը՝ ինչպես մեր բոլոր հանդիպումներում, այնպես էլ Արմավիրում, պահանջը հստակ է ու անփոփոխ․ վերադարձ Արցախ»,- նշել է Մետաքսե Հակոբյանը։
Ադրբեջանը 2023–ի սեպտեմբերի 19-ին Արցախի դեմ լայնամասշտաբ հարձակում է իրականացրել՝ ամբողջությամբ զանգվածային հրետակոծության տակ առնելով երկիրը։ Արդյունքում մեկ օր անց՝ սեպտեմբերի 20-ին ԱՀ իշխանություններն ընդունել են ռուսական խաղաղապահ առաքելության հրամանատարության առաջարկը կրակի դադարեցման վերաբերյալ՝ համաձայնվելով Բաքվի պայմաններին՝ ՊԲ զինաթափում և Արցախի Հանրապետության լուծարում։ Հարձակման հետևանքով զոհվել է 223 մարդ, այդ թվում՝ 20 քաղաքացիական անձ, որոնցից 6-ը եղել են անչափահաս։ Սեպտեմբերի 24-ից արցախցիների բռնի տեղահանում է սկսվել, 100,000–ից ավելի մարդ է բռնի տեղահանվել Հայաստան: Ըստ որոշ տվյալների, Արցախում մոտ 20 հայ էր մնացել, որոնցից 11-ը ևս վերադարձել են ՀՀ, 1-ը՝ մահացել է, 1-ը՝ կալանավորվել։