7 ապրիլի 2026 – 11:04 AMT
PanARMENIAN.Net – ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը ներկայացրել է այն պատճառները, որոնց հիման վրա կուսակցությունը չի մասնակցելու խորհրդարանական ընտրություններին։ Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում:
Նա նշել է, որ ՀՀԿ-ի ընտրողների ձայները չեն կորչելու, միանալու են ընդդիմադիր ուժերին ընտրողների ձայներին
«Գալիք ընտրություններին Հանրապետականի ուղղակիորեն չմասնակցության 4 հիմնավորում.
Ա) էլ ավելի չպառակտենք ընդդիմադիր դաշտը։
Բ) Հնարավորություն տանք սեփական խոստումները կյանքի կոչելու բոլոր այն ուժերին, որոնց թվում է, թե իբր իրենց նշած նախկինները խանգարում են իշխանափոխություն անել։
Գ) Քաղաքական դաշտում սեփական «ես»-ը, նեղ կուսակցական շահերը, սեփական քաղաքական հաշվարկները հանուն ընդհանուր հաջողության ստորադասելու օրինակ ծառայենք։
Դ) Եվ վերջապես, այդ որոշումը մեծապես պայմանավորված է նաև այն հանգամանքով, որ մանրակրկիտ արված սոցիոլոգիական հետազոտությունները ցույց են տալիս՝ Հանրապետականները և մեր համակիրները, գրեթե առանց բացառությունների, պատրաստվում են մասնակցել ընտրություններին և քվեարկել միայն ու միայն ընդդիմադիր քաղաքական ուժերի օգտին:
Այսինքն՝ մեր ընտրողների ձայները չեն կորչելու, այլ միանալու են ընդդիմադիր ուժերին ընտրողների ձայներին՝ նպաստելով այս իշխանությունների վերարտադրման կասեցմանը»։
Հայաստանի Հանրապետական կուսակցությունը հայտարարել է, որ չի մասնակցելու 2026 թվականի հունիսի 7-ին նախատեսված խորհրդարանական ընտրություններին։ Որոշումը կայացվել է Գործադիր մարմնի նիստում: