«Ուժեղ Հայաստան» կուսակցությունը հայտարարել է Ընտրական օրենսգրքում «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության նախագծի դեմ Ազգային ժողովի դիմաց բողոքի ակցիա իրականացնելու մասին։
«Ժամը 12։00-ին հավաքվում ենք Ազգային ժողովի դիմաց՝ բողոքի»,- ասված է կուսակցության հայտարարության մեջ։
«Ուժեղ Հայաստան» կուսակցության ներկայացուցիչ, իրավապաշտպան Գոհար Մելոյանն ապրիլի 6-ին հայտնել էր, որ ապրիլի 6-ին շրջանառած ՀՀ ընտրական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագծով ՔՊ-ն առաջարկում է արգելել կուսակցությունների դաշինքների անվանումներում անձնանունների օգտագործումը։
Ըստ նախագծի՝ կուսակցությունների դաշինքի անվանումը չի կարող պարունակել անձնանուններ (հատուկ անուններ), պետական և տեղական ինքնակառավարման մարմինների անվանումներ կամ դրանց շփոթելու աստիճան նման տարբերակներ։ Մելոյանը նշել էր, որ իշխող ուժը փորձում է փոփոխել խաղի կանոնները ԿԸՀ փաստաթղթերի ընդունման մեկնարկից օրեր առաջ, քանի որ «Ուժեղ Հայաստանը» մտադիր էր ընտրություններին մասնակցել «Ուժեղ Հայաստան Սամվել Կարապետյանի հետ» դաշինքով, որի մեջ անձնանուն կա։
Կուսակցությունում հայտարարել են, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու իր թիմը պատրաստվում են այս նախագծի միջոցով գողանալ առաջիկա ընտրությունները։
«Ազգային ժողովում նրանք փորձում են անցկացնել մի օրենք, որը կվերացնի Հայաստանում ազատ ու արդար ընտրությունների անցկացման հնարավորությունը»,- հայտարարել են կուսկացությունում։
Հունիսի 7-ին կայանալիք խորհրդարանական ընտրություններին մասնակցելու հայտ են ներկայացրել մեկ տասնյակից ավելի քաղաքական ուժեր։ Սամվել Կարապետյանի «Ուժեղ Հայաստան» կուսակցությունը, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը, «Միասնության թևեր» նախաձեռնությունը, Հայ ազգային կոնգրեսը (ՀԱԿ) և այլ քաղաքական ուժեր հայտարարել էին ընտրություններին մասնակցելու մտադրության մասին:
Ընտրական քարտեզի մասին ավելին կարող եք իմանալ Armenia Today-ի տեսանյութում:
