Իրանը Պակիստանի միջնորդությամբ ԱՄՆ-ին և Իսրայելին է փոխանցել հակամարտությունը դադարեցնելու իր պաշտոնական առաջարկը։ Սա պատասխան քայլ է նախագահ Դոնալդ Թրամփի կողմից սահմանված վերջնագրին, որի ժամկետը լրանում է երեքշաբթի երեկոյան։ Իրանական կողմը մերժել է ԱՄՆ-ի առաջարկած ժամանակավոր հրադադարը՝ պահանջելով պատերազմի վերջնական դադարեցում և անվտանգության երաշխիքներ։
Թեև 10 կետերի ամբողջական տեքստը դեռևս պաշտոնապես չի հրապարակվել, NYT-ի և իրանական պետական լրատվամիջոցների աղբյուրները մանրամասնում են ծրագրի առանցքային ուղղությունները.
Իրանի 10 կետանոց առաջարկի հիմնական դրույթները
1. Անվտանգության երաշխիքներ
Իրանը պահանջում է իրավական և ռազմական երաշխիքներ առ այն, որ ԱՄՆ-ն և Իսրայելը այլևս չեն հարձակվի Իրանի տարածքի վրա։
Պատերազմի վերջնական և անշրջելի դադարեցում (ի հակադրություն Վաշինգտոնի առաջարկած 45-օրյա հրադադարի)։
2. Տարածաշրջանային ռազմական գործողությունների դադարեցում
Իսրայելի կողմից Լիբանանում «Հեզբոլլահի» դեմ ուղղված բոլոր հարվածների անհապաղ դադարեցում։
Տարածաշրջանում լարվածության թուլացման համատեղ մեխանիզմների ստեղծում։
3. Պատժամիջոցների լիակատար վերացում
Իրանի նկատմամբ սահմանված բոլոր միջազգային և միակողմանի տնտեսական պատժամիջոցների չեղարկում։
Իրանի սառեցված ակտիվների ապաշրջափակում։
4. Հորմուզի նեղուցի վերաբացում և նոր կարգավիճակ
Իրանը պատրաստակամություն է հայտնում վերացնել նեղուցի փաստացի շրջափակումը և թույլատրել նավերի տեղաշարժը։
Նավարկության վճար. յուրաքանչյուր անցնող նավից շուրջ 2 միլիոն դոլարի գանձում (եկամուտը կիսվելու է Օմանի հետ)։
5. Վերականգնման հիմնադրամի ստեղծում
Նեղուցից ստացված եկամուտների իրանական բաժինն ուղղվելու է ԱՄՆ-ի և Իսրայելի հարվածներից քանդված ենթակառուցվածքների վերականգնմանը։
Փոխհատուցման ուղղակի պահանջի փոխարինում ինքնաֆինանսավորվող վերականգնողական ծրագրով։
6. Միջնորդական առաքելության ամրապնդում
Պակիստանի և Օմանի դերի պաշտոնականացում որպես պայմանավորվածությունների կատարման երաշխավորներ։
Հաղորդովում է, որ մնացած ենթակետերը վերաբերում են միջուկային մոնիթորինգի վերսկսմանը՝ պատժամիջոցների հանելու դիմաց և գերիների փոխանակման հնարավորությանը:
