Սպիտակում շնամարտ կազմակերպելու դեպքով քրվարույթ է նախաձեռնվել

Սպիտակում շնամարտ կազմակերպելու դեպքով քրվարույթ է նախաձեռնվել

6 ապրիլի 2026 – 18:43 AMT

PanARMENIAN.Net – Սպիտակում արձանագրված շնամարտի դեպքի առնչությամբ նախաձեռնվել է քրեական վարույթ: Այդ մասին հայտնել է Քննչական կոմիտեի մամուլի քարտուղար Կիմա Ավդալյանը, տեղեկացնում է Factor.am-ը:

Վարույթը հարուցվել է ֆիզիկական ներգործության (Քրեական օրենսգրքի 195-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետ), խուլիգանության (297-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետ) և կենդանիների նկատմամբ դաժան վերաբերմունքի (307-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետ) հատկանիշներով։

Դեպքի վերաբերյալ ահազանգը հնչել է ապրիլի 4-ին կենդանապաշտպանների կողմից, որոնք տեղեկացրել են, որ Սպիտակում կազմակերպվել է շնամարտ։ Տարածված տեսանյութերում երևացել է, թե ինչպես մի քանի կանայք փորձել են կանխել կենդանիների նկատմամբ դաժան վերաբերմունքը՝ կոչ անելով դադարեցնել այն։ Միևնույն ժամանակ, այնտեղ գտնվող տղամարդիկ արձագանքել են կոպիտ վարքով՝ վիրավորելով և անպարկեշտ արտահայտություններով փորձելով հեռացնել կանանց տարածքից։

ՆԳՆ-ից փոխանցել են, որ ահազանգից հետո համայնքային ոստիկանության Սպիտակի բաժնի ծառայողներն արագ արձագանքել են տեղի ունեցածին։

«Նրանք կենդանու նկատմամբ դաժան վերաբերմունքի, խուլիգանության և ֆիզիկական ներգործության կասկածանքով ձերբակալել և Քննչական կոմիտե են ներկայացրել 3 անձի: Բացի այդ՝ ՆԳՆ ոստիկանության բաժնի պահպանվող տարածք է տեղափոխվել 5 տրանսպորտային միջոց, որոնց մեջ եղել է 8 շուն»,- ասել է ՆԳՆ մամուլի խոսնակ Նարեկ Սարգսյանը։

Leave a Comment