Արտեմիս II-ի աստղագնացները տեսան Լուսնի հակառակ կողմը — Հայաստանի Հանրային Ռադիո

Արտեմիս II առաքելությունն ավարտել է Լուսնին առավելագույնը մոտենալու պատմական յոթժամյա գործողությունը։ Դրանից հետո անձնակազմին ուղիղ եթերում շնորհավորել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։

Գործողությունն սկսվել է ԱՄՆ արեւելյան ժամանակով 13:56- ին` Երեւանի ժամանակով 21:56-ին։ Այդ ժամին NASA-ի աստղագնացներ ամերիկացիներ Ռիդ Ուայզմանը, Վիկտոր Գլովերը եւ Քրիստինա Կոխը, ինչպես նաեւ կանադացի Ջերեմի Հանսենը սահմանել են նոր ռեկորդ՝ դառնալով Երկրից ամենահեռու գնացած մարդիկ։

Լուսնի հակառակ կողմից անցնելով` Երեւանի ժամանակով 03։00-ին, Օրիոն տիեզերանավը 40 րոպե կորցրել է Երկրի հետ կապը, քանի որ Լուսինը խանգարել է ռադիոալիքներին։

Անձնակազմը լուսանկարել է Լուսնի մակերեւույթը` այդ թվում՝ խառնարանները, հին լավային հոսքերը, բլուրները, որոնք ձեւավորվել են Լուսնի էվոլյուցիայի ընթացքում։ Նրանք նաեւ արձանագրել են  գույնի, պայծառության եւ կառուցվածքի տարբերություններ, որոնք գիտնականներին կօգնեն հասկանալ Լուսնի մակերեւույթի կազմը։

ՆԱՍԱ-ի հաղորդագրության մեջ նշված է, որ աստղագնացներին հաջողվել է տեսնել նաեւ «Երկրի մայրամուտը»՝ այն պահը, երբ Երկիր մոլորակը իջավ Լուսնի հորիզոնից ներքեւ, եւ «Երկրածագը»՝ Լուսնի հակառակը կողմից դուրս գալու պահին։

Աստղագնացներին հաջողվել է տեսնել նաեւ Լուսնի հակառակ կողմում լինելու պահին Արեւի մոտ մեկժամանոց խավարումը, երբ տիեզերանավը, Լուսինը եւ Արեգակը մի գծի վրա էին։ Նրանց հաջողվել է այդ պահին ուսումնասիրել արեգակնային պսակը՝ Արեւի արտաքին մթնոլորտը։

Խավարման ընթացքում անձնակազմը հնարավորություն է ունեցել դիտել երկնային այնպիսի հազվադեպ երեւույթներ, որոնք տեսանելի են միայն Լուսնի չլուսավորված հատվածում։

Leave a Comment