Վենսն այսօր Բուդապեշտ է ժամանում Օրբանին սատարելու նպատակով

Ապրիլի 12-ի խորհրդարանական ընտրություններից մի քանի օր առաջ Ջեյ Դի Վենսը երկօրյա այցով կժամանի Բուդապեշտ` ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի աջակցությունը Հունգարիայի վարչապետին փոխանցելու համար։ Սոցհարցումները ցույց են տալիս, որ վարչապետ Վիկտոր Օրբանը ընտրություններում իշխանությունը կորցնելու լուրջ վտանգի առաջ է կանգնած։ Մի քանի շաբաթ առաջ նրան աջակցելու նպատակով Հունգարիայում էր ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն, հայտնում է RFI-ն։

ԱՄՆ փոխնախագահ Վենսը ժամանելու է կնոջ՝ Ուշայի ուղեկցությամբ եւ հանդես է գալու «Հունգարիայի եւ ԱՄՆ-ի միջեւ հարուստ գործընկերության» թեմայով ելույթով։

Թրամփի  Սպիտակ տուն վերադառնալուց հետո ամերիկյան վարչակազմը չի խուսափում բացահայտ դիրքորոշում արտահայտել եվրոպական այն ղեկավարների օգտին, որոնց համարում է առավել համատեղելի իր շահերի հետ։

Թեեւ Հունգարիայի վարչապետը անձամբ հրավիրել էր Դոնալդ Թրամփին, սակայն Իրանում պատերազմը բարդացրել է ԱՄՆ նախագահի օրակարգը եւ Օրբանը պիտի բավարարվի Վենսով, գրում է ֆրանսիական ռադիոն։

Այցը մեծ ուշադրության է արժանանում, սակայն դրա ազդեցությունը պարզ կդառնա ընտրություններից հետո։ Քարոզարշավում գերակշռում են ներքաղաքական խնդիրները, եւ արտաքին քաղաքականությունը, ըստ RFI-ի, մեծ հետաքրքրություն հունգարացիների շրջանում չունի։

Leave a Comment