«Արտեմիդա-2» առաքելության աստղագնացները տիեզերագնացության պատմության մեջ առաջին անգամ հասել են Երկրից առավելագույն հեռավորության և անցել Լուսնի մութ կողմի վրայով՝ մանրամասն ուսումնասիրելով նրա մակերեսը։
ՆԱՍԱ-ի հաղորդմամբ՝ առաքելության անձնակազմը սահմանել է նոր ռեկորդ՝ գերազանցելով 1970 թվականի «Ապոլլո-13» առաքելության ցուցանիշը։
Եթե «Ապոլլո-13»-ի անձնակազմը Երկրից հեռացել էր 400 171 կիլոմետր, ապա «Արտեմիդա-2»-ը այդ սահմանը գերազանցել է մոտ 6500 կիլոմետրով՝ հասնելով առավելագույնը 406 771 կիլոմետր հեռավորության։
Հյուսթոնի թռիչքների կառավարման կենտրոնը ժամանակավորապես կորցրել է կապը անձնակազմի հետ, երբ «Օրիոն» տիեզերանավը անցել է Լուսնի մութ կողմի հետևը։ Կապի դադարը տևել է մոտ 40 րոպե՝ լիովին համապատասխան ծրագրին։
Կապի վերականգնումից հետո նախ ստացվել է ռադիոազդանշանը, ապա՝ տվյալների մեծ փաթեթը։
Լուսնի մութ կողմի վրայով անցնելու ընթացքում տիեզերանավը գտնվել է նրա մակերեսից մոտ 6550 կիլոմետր հեռավորության վրա։ Այս պայմաններում աստղագնացները կարողացել են մանրամասն դիտարկել Լուսնի այդ հատվածը, կատարել լուսանկարահանում և փաստագրում։ Նրանց նաև հանձնարարվել է կատարել գծանկարներ և ձայնագրություններ՝ նկարագրելով իրենց դիտարկումները։
Ներկայումս անձնակազմը դեպի Երկիր վերադարձի ճանապարհին է։ Թռիչքի ընթացքում նրանք նաև դիտարկել և տեսանկարահանել են արևի խավարումը։
