Իտալիայի Ապուլիա նահանգի Բրինդիզի քաղաքի օդանավակայանում սպառվել է ավիացիոն վառելիքը, հայտնել է La Repubblica թերթը՝ հղում անելով ոլորտի կարգավորող մարմնին։
Ըստ հրապարակման՝ կերոսինի սակավության պատճառով սահմանափակումներ են մտցվել նաև Ռեջիո դի Կալաբրիայի և Պեսկարայի օդանավակայաններում։ Բրինդիզիում ավիաընկերություններին խորհուրդ է տրվել նախապես լիցքավորվել՝ հաշվի առնելով հաջորդող չվերթների համար անհրաժեշտ վառելիքի քանակը, քանի որ այնտեղ լիցքավորումն անհնար է մինչև ապրիլի 7-ի կեսօրը։ Նշվում է, որ վառելիքի սահմանափակ պաշարների պատճառով լիցքավորումը երաշխավորված է միայն կառավարական, փրկարարական և բժշկական թռիչքների համար։
Պեսկարայի օդանավակայանում մինչև ապրիլի 8-ը հասանելի կլինի միայն մեկ տանկեր՝ 20 հազար լիտր տարողությամբ։ Ռեջիո դի Կալաբրիայի օդանավակայանում Jet A1 վառելիքի սահմանափակումները կգործեն մինչև ապրիլի 7-ի ժամը 11:00-ն, ընդ որում՝ յուրաքանչյուր ինքնաթիռ կարող է լիցքավորել ոչ ավելի, քան 3 հազար լիտր։
Ավելի վաղ վառելիքի սահմանափակումների մասին հայտարարել էին Իտալիայի հյուսիսում գտնվող չորս օդանավակայաններ՝ Միլանի Լինատեն, Տրևիզոն, Վենետիկը և Բոլոնիան՝ կապված Air BP Italia-ի մատակարարումների կրճատման հետ։
Սահմանափակումները նախնական տվյալներով կտևեն մինչև ապրիլի 9-ը։ Առաջնահերթությունը տրվելու է կառավարական, բժշկական և 3 ժամից ավելի տևողությամբ թռիչքներին։ Իշխանությունները հավաստիացրել են, որ խնայողության ռեժիմը չի ազդի Շենգենյան գոտու ներսում իրականացվող չվերթների վրա։ Բոլոնիայում և Վենետիկում լիցքավորման սահմանաչափը 2 հազար լիտր է, իսկ Վենետիկի Մարկո Պոլո օդանավակայանին խորհուրդ է տրվել լիցքավորվել նախապես։
Il Messaggero-ն հավելում է, որ Միլանի Լինատե օդանավակայանում սահմանափակումները չունեն հստակ լիտրային լիմիտներ։
