Դորտմունդի «Բորուսիայի» և «Լիվերպուլի» նախկին գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը խոստովանել է, որ երբեք իրեն որպես բացառիկ մասնագետ չի ընկալել։ Գերմանացին նշել է, որ մարզչական կարիերայի ընթացքում ամենօրյա ծանրաբեռնվածության պայմաններում ոչ միշտ է հստակ իմացել՝ ինչպես վարվել այս կամ այն իրավիճակում։
«Երբ մարզիչ էի, ինձ երբեք մեծագույն մասնագետ չեմ համարել։ Երբե՛ք, և դա ճշմարտություն է։ Ամեն օր այնքան անելիքներ ունեի, գլխումս այնքան հարցեր կային, որ ոչ միշտ գիտեի՝ ինչ անել։ Ինչպե՞ս կարող էի իմանալ։
Եթե մարդիկ ասում էին, որ իմ ու Պեպ Գվարդիոլայի, ում ես համարում եմ աշխարհի լավագույն մարզիչը, միջև մրցակցությունը բացառիկ էր, ապա, իհարկե, դա նշանակում է, որ ես էլ բավականին լավ մարզիչ եմ։ Ես դա հասկանում էի, բայց մինչև վերջ այդպես էլ չգիտակցեցի։ Հիմա ես այլևս մարզիչ չեմ, և, պարզվում է՝ ես իսկապես լավն եմ եղել»,- Կլոպի խոսքերը մեջբերում է TV2-ը։
Յուրգեն Կլոպը «Լիվերպուլը» գլխավորել է 2015 թվականի հոկտեմբերից մինչև 2024 թվականի մայիսը։
Ակումբում աշխատելու տարիներին նա հասել է պատմական հաջողությունների՝ նվաճելով Չեմպիոնների լիգայի գավաթն ու երկար սպասված Անգլիայի Պրեմիեր լիգայի չեմպիոնի տիտղոսը։