ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանն արձագանքել է Սուրբ Աննա եկեղեցու միջադեպի գործով կալանավորված 18-ամյա Դավիթ Մինասյանի վերաբերյալ սոցիալական ցանցերում հնչող կոչերին։
Պաշտպանը պարզաբանել է, որ սոցիալական հարթակների գրառումները բողոքի քննարկման իրավական հիմք չեն, և դիմումները պետք է ներկայացվեն սահմանված փոստային կամ անձնական հանձնման ընթացակարգով։
Մանասյանը հիշեցրել է, որ ՄԻՊ-ն օրենքով չունի լիազորություն՝ հանդես գալու խափանման միջոցը փոփոխելու միջնորդությամբ կամ երաշխավորությամբ։ Այնուամենայնիվ, հաշվի առնելով անձի առողջական վիճակի և կրթության շարունակականության վերաբերյալ տեղեկությունները, ապրիլի 3-ի առավոտյան հավելյալ գրագրություն է ուղարկվել իրավապահ մարմիններին՝ այլընտրանքային խափանման միջոցի կիրառման հնարավորությունը քննարկելու նպատակով։
Պաշտպանը վերահաստատել է իր դիրքորոշումը, որ կալանքը պետք է լինի ծայրահեղ միջոց և կիրառվի միայն այն դեպքում, երբ այլընտրանքային տարբերակներն անբավարար են։
Նա ընդգծել է պետության պոզիտիվ պարտավորությունը՝ երաշխավորելու ազատությունից զրկված անձանց անվտանգությունն ու պատշաճ բժշկական օգնությունը։
Մանասյանը նաև մտահոգություն է հայտնել ատելության խոսքի ծավալների վերաբերյալ՝ կոչ անելով զերծ մնալ իրավիճակը սրող և բռնություն հրահրող արտահայտություններից։
Այսօր ավելի վաղ 18-ամյա Մինասյանի դասընկերները նամակ էին փոխանցել գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանին՝ անաչառ քննության խնդրանքով։
Մինասյանի և ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի միջև միջադեպ էր տեղի ունեցել մարտի 29-ի պատարագին։ Ըստ տեսանյութերի՝ պատարագի ընթացքում նա Փաշինյանին ասել էր, որ «ինքն ուզում է մեջտեղում կանգնել»։ Արդյունքում՝ քաշքշոց էր սկսվել։ Դեպքի առնչությամբ ձերբակալվել էին Մինասյանը, իր երկվորյակ եղբայրը՝ Միքայել Մինասյանը, և «Համահայկական ճակատ» շարժման հիմնադիր Գևորգ Գևորգյանը, վերջիններիս ազատ էին արձակել՝ կիրառելով գրավ ու բացակայելու արգելք կիրառելով։
Դավիթ Մինասյանին 2 ամսով կալանավորելու որոշում էր կայացվել, նրան ավելի ուշ հիվանդանոց, իսկ հետո «Արմավիր» ՔԿՀ, հետո կրկին հիվանդանոց էին տեղափոխել։
Նրա մայրը՝ Գայանե Մինասյանը, դիմել էր ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանին, խնդրել երաշխավորություն տալ՝ առողջական խնդիրներ ունեցող որդու կալանքը փոխելու համար։
