Հայտարարություն. Անհապաղ ազատ արձակել 18-ամյա Մինասյանին, ապահովել նրա բուժումը

Հայտարարություն. Անհապաղ ազատ արձակել 18-ամյա Մինասյանին, ապահովել նրա բուժումը

6 ապրիլի 2026 – 14:51 AMT

PanARMENIAN.NetՀայոց եկեղեցու պահպանության համահայկական խորհուրդը հայտարարել է, որ փաստացի անազատության մեջ պահվելը 18-ամյա Դավիթ Մինասյանին հասցրել է ոչ միայն ֆիզիկական հյուծման, այլև խոր հոգեբանական ճնշվածության։

Կազմակերպությունը պահանջում է անհապաղ ազատ արձակել Մինասյանին և ապահովել նրա լիարժեք բուժումը:

«Մեր տեղեկություններով՝ Դավիթին տանջում են անտանելի գլխացավեր, որոնք, ամենայն հավանականությամբ, կապված են անոթային լուրջ խնդրի հետ։ Նա շարունակում է մնալ վերակենդանացման բաժանմունքում, ծայրահեղ թուլացած է, ունի ծանր գլխապտույտ և այլևս ի վիճակի չէ անգամ ինքնուրույն կանգնելու։

Սա իշխանական անպատժելիության լկտի ցուցադրություն է:

Ուշքի՛ եկեք։ Դուք ձեր հորինած «ուժը» բանեցնում եք 18-ամյա մի երեխայի վրա, ով նույնիսկ ոտքի վրա կանգնել չի կարողանում: Դավիթը խեղդվում է, կորցնում գիտակցությունը, տառապում դժոխային գլխացավերից, իսկ պետությունը նրան սպառնում է բանտախցով: Երբ ծայրահեղ ծանր, կյանքի համար վտանգավոր վիճակում գտնվող երիտասարդին շարունակում են տանջել կալանքի տակ, դա պետական մակարդակով իրականացվող խոշտանգում է։ Դա հասարակության վրա վախ ծախելու էժանագին ու խղճուկ փորձ է։

Ձեր արածը ուժ չէ։ Սա վախկոտության, քաղաքական իմպոտենցիայի ու բարոյական հատակը ծակելու ուղիղ ապացույցն է։ Սրբավայրի միջադեպը որպես զենք օգտագործելով՝ դուք փորձում եք կործանել մի երիտասարդի կյանք, ոչնչացնել մի ընտանիք ու լռեցնել բոլորին։ Ձեր կարած, օրինականության հետ աղերս չունեցող այս գործն արդեն փլվում է հենց ձեր գլխին՝ վերածվելով իշխանական բեսպրեդելի խորհրդանիշի։

Մենք պահանջում ենք անհապաղ, հենց հիմա՛ ազատ արձակել Դավիթ Մինասյանին, ապահովել նրա լիարժեք բուժումը՝ անկախ և ոչ կամակատար բժիշկների խիստ հսկողության տակ, պատասխանատվության ենթարկել այս անմարդկային, սադիստական շինծու գործը կարողներին և դրա հրամանը տվողներին»,-ասվում է հայտարարության մեջ:

Մարտի 29-ին Երևանի Սուրբ Աննա եկեղեցում պատարագի ժամանակ արձանագրվել է միջադեպ։ Այն պահին, երբ վարչապետը դուրս էր գալիս, անցնելով խիտ կանգնած մարդկանց միջով, նրանցից մեկն ասել է ճանապարհ բացող թիկնապահին՝ «տենց չնայես ինձ»։ Հավաքվածներից մեկն էլ շարքի հետևից փորձել է հարվածել Փաշինյանի ուղղությամբ։ Նիկոլ Փաշինյանը թիկնապահներին հրահանգել է հանգիստ մնալ։ Ձեբակալությունները տեղի են ունեցել եկեղեցու բակում: Երկվորյակներից Միքայել Մինասյանի և Գևորգ Գևորգյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել են բացակայելու արգելքը և 5 մլն դրամ գրավը։ Իսկ Դավիթ Մինասյանը ապրիլի 1-ին դատավոր Մնացական Մարտիրոսյանի որոշմամբ կալանավորվել է երկու ամսով։

Միջադեպից հետո թիմակիցների հետ քայլելիս Փաշինյանն, անդրադառնալով եկեղեցում տեղի ունեցած միջադեպին, հայտարարել է, որ աղմկողների մի մասը ՀՀԿ-ական էին, մյուս մասը «Սասնա ծռերից»:

Leave a Comment