Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն կոչ է արել Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությանն ավելի զգույշ և նրբանկատ լինել Հայաստանի հետ աշխատանքում։ Նա այս հայտարարությունն արել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Տաալատբեկ Մասադիկովի հետ հանդիպման ժամանակ։
«Գիտեք, Հայաստանը, կարծես, չի աջակցում ՀԱՊԿ-ի շրջանակներում աշխատանքին, բայց, միևնույն, ժամանակ մնում է անդամ»,- հավելել է Լուկաշենկոն։
Նրա խոսքով՝ Հայաստանն այս առումով դժվարին իրավիճակում է, հատկապես՝ ընտրական շրջանում։
«Սա շատ դժվարին իրավիճակ է։ Հետևաբար, մենք պետք է շատ զգույշ և նրբանկատ լինենք Հայաստանի հետ մեր հարաբերություններում»,- հավելել է Բելառուսի նախագահը։
Հունվարին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ ՀՀ կառավարությունը ձգտում է Եվրամիությանը լիիրավ անդամակցության և դա դիտարկում է որպես ռազմավարական ուղղություն։ Նա նշել էր, որ Հայաստանի մասնակցությունը ՀԱՊԿ-ին խոչընդոտ է միջազգային զենքի շուկա մուտք գործելու համար։
