6 ապրիլի 2026 – 14:17 AMT
PanARMENIAN.Net – Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունը` ՀԱՊԿ-ը պետք է շատ զգույշ և կոռեկտ լինի Հայաստանի հետ աշխատանքում, հայտարարել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Թաալատբեկ Մասադիկովի հետ հանդիպման ընթացքում։
Նա նշել է, որ կազմակերպությունն ունեցել է որոշ ձեռքբերումներ, սակայն միաժամանակ առկա են խնդիրներ, որոնց մասին ինքը բազմիցս բարձրաձայնել է նաև միջազգային հանդիպումների ընթացքում։ Այդ խնդիրներից մեկը, նրա խոսքով, Հայաստանի հետ հարաբերություններն են, հայտնում է Belta-ն:
«Մենք պետք է ավելի կոռեկտ և զգույշ լինենք Հայաստանի հետ աշխատանքում։ Դուք գիտեք, որ Հայաստանը կարծես թե չի աջակցում ՀԱՊԿ-ի գործունեությանը, բայց միևնույն ժամանակ շարունակում է մնալ կազմակերպության կազմում։ Պետք է շատ կոռեկտ լինել։ Հայաստանում այս առումով բարդ իրավիճակ է, հատկապես ընտրական շրջանում (ամռանը պետք է անցկացվեն խորհրդարանական ընտրություններ)։ Շատ բարդ իրավիճակ է։ Այդ պատճառով մենք պետք է շատ զգույշ և նրբանկատ լինենք Հայաստանի հետ հարաբերություններում»,-ասել է նա:
Լուկաշենկոն նաև կարևորել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի մակարդակով Հայաստանի ղեկավարության հետ հանդիպումների կազմակերպումը՝ ընդգծելով, որ հատկապես ընտրական փուլում կարևոր է բաց և անկեղծ քննարկումը։
«Հատկապես հիմա՝ այս սրված ընտրական շրջանում, երբ Հայաստանի ղեկավարությունը պետք է ազնիվ և բաց խոսի իրավիճակի մասին, այդ թվում՝ ՀԱՊԿ ուղղությամբ»,-ասել է նա:
Լուկաշենկոն նաև առաջարկել է, որ գլխավոր քարտուղարն այցելի Հայաստան և հանդիպի երկրի վարչապետի, նախագահի և Անվտանգության խորհրդի քարտուղարի հետ՝ հասկանալու նրանց դիրքորոշումները հետագայի վերաբերյալ։
«Լավ կլիներ, եթե դուք այցելեիք այնտեղ և խոսեիք թե՛ վարչապետի, թե՛ նախագահի, թե՛ Հայաստանի Անվտանգության խորհրդի քարտուղարի հետ, իմանայիք նրանց դիրքորոշումը ապագայի վերաբերյալ»,-ասել է Բելառուսի նախագահը:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ ՀԱՊԿ վերադարձի առումով փոփոխություն ակնկալելն իրատեսական չէ:
Ապրիլի 1-ին Մոսկվայում Պուտինի հետ հանդիպմանը Փաշինյանն ասել էր․ «ՀԱՊԿ-ի հետ կապված երբեք չենք թաքցրել, որովհետև 2022-ին ունեինք կոնկրետ իրավիճակ։ Եվ, իմ կարծիքով, ՀԱՊԿ-ի մեխանիզմները պետք է գործարկվեին, բայց դրանք չգործարկվեցին, և դա, իհարկե, հանգեցրեց այն իրավիճակին, որը մենք ունենք ՀԱՊԿ-ի հետ հարաբերություններում։ Մենք այժմ չենք մասնակցում ՀԱՊԿ-ի աշխատանքներին պարզ պատճառով՝ մենք մինչ օրս ի վիճակի չենք բացատրել մեր ժողովրդին, մեր քաղաքացիներին, թե ինչու ՀԱՊԿ-ը չարձագանքեց, և չարձագանքեց ի հեճուկս այն պարտավորությունների, որոնք գոյություն ունեն Հավաքական անվտանգության պայմանագրի համաձայն»։