6 ապրիլի 2026 – 14:00 AMT
PanARMENIAN.Net – ՀՀ Ազգային ժողովի ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի ապրիլի 6-ի նիստում քննարկվել է Մարտին Գալստյանին Կենտրոնական բանկի նախագահի պաշտոնում առաջադրելու հարցը։ Թեկնածությունն առաջադրել է ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը՝ «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 145-րդ հոդվածի համաձայն։
Թեկնածուի կենսագրությունն ու աշխատանքային ուղին ներկայացրել է հանձնաժողովի անդամ Արուսյակ Մանավազյանը։
«Մակրոտնտեսական կայունությունն այլընտրանք չունի, և այն, կարծում եմ, մեր հասարակության հիմնարար զարգացման նախապայմաններից մեկն է: Մեր նախորդ տարիների ջանքերը գերազանցապես նպատակադրված են եղել երկրում մակրոտնտեսական կայունության ապահովմանը»,- նշել է Մարտին Գալստյանը՝ ներկայացնելով Կենտրոնական բանկում 2020 թվականից մինչ օրս իրականացված աշխատանքները, ծրագրերը և Ազգային ժողովի գործընկերների հետ նախատեսվող օրենսդրական փոփոխությունները։
Թեկնածուն անդրադարձել է ԿԲ կողմից իրականացված ռազմավարական քայլերին՝ նշելով, որ դրանց շնորհիվ հաջողվել է հաղթահարել պարբերաբար առաջացող ճգնաժամերը։ Նա ներկայացրել է նաև արտարժութային շուկայում ԿԲ միջամտությունները և պահուստների օգտագործմամբ իրականացված կայունացման միջոցառումները։
Մարտին Գալստյանը ընդգծել է, որ ցանկացած կառույցի համար արտաքին մարտահրավերներին դիմակայելու հիմնական երաշխիքը բարձրակարգ թիմն է։ Նրա խոսքով՝ շարունակական աշխատանք է տարվել, որպեսզի ԿԲ թիմը լինի լավագույններից, իսկ կառույցը՝ միջազգային առաջատարների շարքում։
Թեկնածուն նաև շնորհակալություն է հայտնել Ազգային ժողովի գործընկերներին՝ աջակցության պատրաստակամության համար։
Նիստի ընթացքում նա պատասխանել է պատգամավորների հարցերին՝ պարզաբանելով դրամավարկային քաղաքականության, ֆինանսական համակարգի կարգավորման, նորարարական մոտեցումների, ինչպես նաև գնաճի և իրացվելիության խնդիրների վերաբերյալ իր դիրքորոշումները։
Քննարկման արդյունքում հանձնաժողովը կողմ է քվեարկել Մարտին Գալստյանի թեկնածությունը Ազգային ժողովին առաջարկելու հարցին։
Առաջարկվել է այն ընդգրկել մայիսի 5-ին նախատեսված ԱԺ նիստերի օրակարգի նախագծում։