Ավինյան․ Այսուհետ փոսալցման աշխատանքների համար չկան հանգստյան օրեր

Ավինյան․ Այսուհետ փոսալցման աշխատանքների համար չկան հանգստյան օրեր

6 ապրիլի 2026 – 13:10 AMT

PanARMENIAN.Net – Երևանի քաղաքապետը Տիգրան Ավինյանը հանձնարարել է արագացնել փոսալցման աշխատանքները՝ ընդգծելով, որ դրանք պետք է շարունակվեն առանց դադարների։

«Այսուհետ փոսալցման աշխատանքների համար չկան հանգստյան օրեր»,- նշել է նա, հայտնում է Radar Armenia-ն:

Նրա խոսքով՝ փետրվարին աշխատանքները մեկնարկել են արագ ընթացքով, սակայն այժմ նկատվել է որոշակի թուլացում։

«Փոսալցման աշխատանքների տեմպը ոնց որ սկսել է ընկնել։ Փետրվարին բացառիկ մեծ տեմպով սկսեցինք փոսալցման աշխատանքներ իրականացնել, հիմա զգում եմ՝ մի քիչ, կամաց-կամաց հարմարվեցինք նորմալ ռեժիմի։ Այդպես չի լինի»,- ասել է նա։

Քաղաքապետը ընդգծել է, որ այս աշխատանքները պետք է իրականացվեն անընդմեջ՝ անկախ օրացույցից։

«Ասֆալտապատման, մանավանդ փոսալցման աշխատանքների համար չկա նոր տարի, չկա զատիկ, չկա հանգստյան օր։ Ոչ մի բան չկա։ Բոլոր այն մասնակիցները, ովքեր այս պրոցեսում գալիս են, հայտ են ներկայացնում, այսօրվանից թող իմանան՝ հանգստի որևէ օր չունեն։ Փոսալցման աշխատանքները կարևորագույն աշխատանքներից մեկն են Երևանում»,- ասել է նա և հույս հայտնել, որ այսօրվանից բոլոր վարչական շրջաններում այդ աշխատանքները մեծ ծավալներով կընթանան։

Հանրության շրջանում մեծ դժգոհություն է առաջացրել մեծաքանակ փոսերի առկայությունը Երևանի փողոցներում, որոնք ի հայտ են եկել ձյունը հալվելուն պես:

Leave a Comment