Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (ԻՀՊԿ) հայտարարել է, որ իր հետախուզության ղեկավար Մաջիդ Խադեմին սպանվել է։ Տեղեկությունը տարածվել է իրանական լրատվամիջոցներով հրապարակված պաշտոնական հայտարարության միջոցով, գրում է BBC-ին։
Հայտարարության համաձայն՝ Խադեմին սպանվել է այսօր առավոտյան։ Իրանական կողմը կատարվածի համար պատասխանատվություն է վերագրում Իսրայելին և ԱՄՆ-ին՝ նշելով, որ նրանք են եղել նրա թիրախավորման հետևում։
Իսրայելի պաշտպանության ուժերն արձագանքել են՝ նշելով, որ «կուսումնասիրեն» տարածված տեղեկությունը և առայժմ չեն հաստատել կամ հերքել այն։
Խադեմին զբաղեցրել էր ԻՀՊԿ հետախուզության ղեկավարի պաշտոնը՝ փոխարինելով Մոհամմադ Քազեմիին, որը սպանվել էր 2025 թվականի հունիսի 15-ին՝ Իրան-Իսրայել 12-օրյա պատերազմի ընթացքում իրականացված հարձակման ժամանակ։
Այս տարվա սկզբին՝ հակակառավարական բողոքի ցույցերից հետո, Խադեմին հրապարակայնորեն մեղադրել էր ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին՝ «բեմադրված սպանությունների» ռազմավարություն կիրառելու մեջ՝ պնդելով, որ դրա նպատակն է մեծացնել զոհերի թիվը և արդարացնել հնարավոր արտաքին ռազմական միջամտությունը։
Նա նաև հայտարարել էր, որ Իրանում տեղի ունեցած բողոքի ցույցերում ներգրավված են եղել ավելի քան 10 օտարերկրյա հետախուզական ծառայություններ, այդ թվում՝ Իսրայելի հայտնի կիբերհետախուզական 8200 ստորաբաժանումը։
ԱՄՆ-ում գործող իրավապաշտպան աղբյուրների տվյալներով՝ հունվարյան բռնաճնշումների ընթացքում զոհերի թիվը հասել է առնվազն 7000-ի։